Մշուշապատ Արարատ . Բնապահպանության Դերը Ազգային եվ Հասարակական-քաղաքական Շարժման Տարիներին Խորհրդային եվ Հետ-Խորհրդային Հայաստանում 1975 Թվականից առ Այսօր

Մշուշապատ Արարատ . Բնապահպանության  Դերը Ազգային եվ Հասարակական-քաղաքական Շարժման Տարիներին Խորհրդային  եվ  Հետ-Խորհրդային Հայաստանում 1975 Թվականից առ Այսօր

19 Մայիս 2013

Բնապահպանական շարժումը Խորհրդային  Հայաստանում հիմք հանդիսացավ համազգային նոր շարժում սկսելու «գլաստնոստի» ժամանակաշրջանում: Չնայած Հայաստանում խորհրդային իշխանութեան փլուզման վերաբերեալ լայնածաւալ ուսումնասիրութիւններին՝ շատ քիչ ուսումնասիրութիւն է արուել այս շարժման՝ որպէս հայկական  ազգային եւ քաղաքացիական դրսեւորման խոշոր գործօնի, թեմայով: Հայաստանի բնապահպան-ակտիվիստներ Կարինե Դանիելյանի և Հակոբ Սանասարյանի բացառիկ հարցազրույցների օգնությամբ այս աշխատանքն ուսումնասիրում է շարժման հիմքերը՝ սկսած 1970 թվականից՝ ներառյալ դրա էվոլյուցիոն զարգացումը «գլաստնոստի» ժամանակ և դրա հետագա խնդիրները:



Բիեդրո Շաքարեան, Անն Արպըր, Միչիկըն Համալսարանի  ռուսական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ֆակուլտետի մագիստրոս է:

Թարգման (անգլերենից)՝ Լիլիթ Գրիգորյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսական բանասիրության ֆակուլտետը 2007 թ.՝ բակալավրի կոչումով՝ բանասեր, մանկավարժ որակավորմամբ: Զբաղվում է մանկավարժական, թարգմանչական, բնապահպանական գործունեությամբ:

Խմբագիր՝ Գայանե Հակոբյան, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Հյուսիսային համալսարանի  լրատվության  և հասարակայնության  հետ կապերի բաժնի ղեկավար:

Նկար-Աղբիւր: © 2013 Robert Kurkjian www.kurkjianimages.com


Ներածություն

Պատմությունը ցույց է տալիս, որ բնապահպանական և ազգային շարժումները հաճախ սերտորեն կապված են եղել իրար: Նույնն էր նաև Խորհրդային  Հայաստանում 1980-ականներին: «Գլասնոստն» (քաղաքականության թափանցիկություն) ու «պերեստրոյկան» (տնտեսական վերակազմավորում), որոնք հիմնադրվել էին??/ խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի կողմից, կոչ էին անում ԽՍՀՄ տարածքի բոլոր քաղաքացիներին բարձրաձայնել իրենց դժգոհությունները: Խորհրդային Հայաստանի ժողովրդի  համար այս պահանջները նախ և առաջ ուղղված էին մեծ մասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի (ինքնավար հանրապետություն խորհրդային Ադրբեջանի տարածքում) կարգավիճակի վրա: Սակայն մինչ այս հարցը կդառնար առանցքային, բնապահպանական խնդիրները շատ հայաստանցիների համար մնում էին առաջնային: Հետևաբար, այս հետազոտության նպատակը կլինի հայկական բնապահպանական շարժման զարգացման ընթացքի ուսումնասիրումը, թե ինչպես այն դրդապատճառ հանդիսացավ 1980-ականների վերջում ծավալուն համազգային շարժում սկսելու գործում: Բնապահպանական և ազգային շարժումների փոխկապակցվածության կարևորությունը պետք է դիտարկվի բնապահպանության պատմության տեսանկյունից: Համեմատաբար նոր այս ոլորտն առաջացավ 1960-ականների վերջում, երբ ամերիկացի պատմաբան Ռոդերիկ Նեշը հրատարակեց իր «Վայրի բնությունն ու ամերիկյան բանականությունը»1 գիրքը: 1970-ականների սկզբին Նեշը կիրառեց «բնապահպանության պատմություն» արտահայտությունը և 1972թ. լույս տեսած «Ամերիկայի բնապահպանության պատմություն. դասավանդման նոր սահմաններ» հոդվածում նա որակավորեց այն որպես «մարդու անցյալ կապը ընդհանուր կենսամիջավայրի հետ»2: Նեշը հետագայում նշեց, որ բնապահպանության պատմությունը հասարակական գործչի և ամերիկյան պատմական դիսկուրսի «Նոր ձախ» շարժումների ուսումնասիրության անբաժանելի մասնէ:3 Կիրառելով Նեշի մտքի դպրոցի տեսությունը Խորհրդային Միության նկատմամբ՝ կարելի է տեսնել, թե որքան խորը և սերտ կապեր ունի բնապահպանությունը ազգային այլախոհական և քաղաքացիական շարժումների հետ: Այս դեպքում ԽՍՀՄ բնապահպանական գործունեության ուսումնասիրությունը միևնույն ժամանակ խորհրդային քաղաքական գործընթացների ուսումնասիրությունն է:

Հայաստանի դեպքում բնապահպանական ակտիվությունն ուներ որոշակի ազգային տարրեր: Չնայած խորհրդային կարգերը շատ առավելություններ էին ապահովում Հայաստանի համար, այնուամենայնիվ, պետության անտարբեր վերաբերմունքը էկոլոգիական խնդիրների հանդեպ ակնհայտ թերություն էր: Շրջակա միջավայրի վերաբերյալ դժգոհություններն անուղղակիորեն  արտահայտում էին մարդկանց դժգոհությունը խորհրդային կարգերի դեմ, այն բացառությամբ, որ  սա կենտրոնացած էր ոչ թե մարդկանց հանդեպ քաղաքական անարդարության վրա, այլ բնապահպանական «հենց իր՝ կենսամիջավայրի և երկրի» նկատմամբ անարդարության վրա4:  Բնապահպանական շարժումը Խորհրդային Հայաստանում «գլասնոստի» ժամանակաշրջանում պետք է ընկալվի այս համատեքստում:


Հայաստանի բնապահպանական գլխավոր խնդիրները և դրանց ծագումը

Առկա էին էկոլոգիական երեք հիմնական խնդիրներ, որոնք նպաստեցին հայկական բնապահպանական շարժում սկսելու գործընթացին: Դրանք էին՝ օդի աղտոտվածությունը, Սևանա լճի վիճակը (Կովկասի ամենամեծ քաղցրահամ  լիճը) և Մեծամորի ատոմակայանը: Այս հարցերի արմատները ընկած էին Խորհրդային Հայաստանի զարգացման և ինդուստրալացման հիմքերում:

Կովկասում Խորհրդային Միությանը միանալուց հետո Հայաստանի Հանրապետությունը (1918-20թթ) ենթարկվեց պետականաշինության համակարգված քաղաքականությանը: Շուտով Հայաստանը դարձավ Խորհրդային Միության բաղկացուցիչ մասը:  Նրա բնակչության մեծ մասն էին կազմում փախստականները, ովքեր 1915 թվականին փրկվել էին նախկին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված ցեղասպանությունից, և խորհրդային իշխանությունները պարտավոր էին զբաղվել այս մարդկանց խնդիրներով5:

Հայաստանի մայրաքաղաք Երևանը ամենևին աղմկոտ քաղաք չէր: Ավելի շուտ՝ այն պարսկական մեծ ազդեցության տակ գտնվող հանգիստ քաղաք էր: 1837 թվականին իր այցելության ժամանակ Ռուսական կայսր Նիկոլայ Առաջինը Երևանն անվանեց «կավե զամբյուղ»՝ մեծամասամբ իր կավաշեն տների պատճառով6:  Այդ ժամանակից ի վեր Երևանում ոչինչ էապես չէր փոխվել՝ բացառությամբ քաղցած փախստականներով հանրության համալրումից: 1920-ականների նոր տնտեսական քաղաքականության ժամանակաշրջանում իրավիճակը սկսեց կտրականապես փոխվել՝ և՛ տնտեսական, և՛ մշակութային առումով: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ Երևանը սկսեց զարգանալ  համեմատաբար նոր՝ եվրոպական մայրաքաղաքի ոճով7: Սա ազգային վերածննդի խորհրդանիշ դարձավ խորհրդային տարածքի հայերի համար:

Միաժամանակ երկիրը խորհրդային այլ երկրների հետ մեկտեղ սկսեց արագորեն ինդուստրալացվել:8 Մինչ այդ Հայաստանը մեծ մասամբ ագրարային երկիր էր՝ առանց գլխավոր քաղաքային պրոլետարիատի: Արդյունաբերության և ուրբանիզացիայի աճը փոխեց այս ամենը, քանի որ հազարավոր նոր աշխատողներ ներգրավվեցին խորհրդային գործարանային  կյանքի մեջ: 1935 թվականին արդյունաբերությունը էական հաջողություններ է արձանագրում Խորհրդային Հայաստանում՝ համախառն արտադրանքի ցուցանիշը հասցնելով 650-ի՝ 1928 թվականից սկսած: Հետագայում ընդհանուր տնտեսական արտադրության ֆոնի վրա արդյունաբերության համամասնական արժեքը 1935 թվականին աճեց 62 տոկոսով՝ համեմատած 1928 թվականի 21 տոկոսի հետ9: Շուտով ակնհայտ դարձավ, որ արդյունաբերությունը նման ձեռքբերումներով դառնում էր Խորհրդային Հայաստանի հասարակության հիմնական, անբաժանելի մասը: 

Ցավոք, արդյունաբերության նման աճը հաճախ հանգեցնում էր շրջակա միջավայրի պահպանման անտեսմանը: Ծանր և հաճախ պատահական ինդուստրալացումը թափ առավ մասնավորապես Իոսիֆ Ստալինի կառավարման տարիներին (1928-53թթ.), հատկապես առաջին հնգամյա պլանի տարիներին՝ 1928-32 թթ., որը համարվում է այսպես կոչված «ստալինյան հեղափոխության» ամենաինտենսիվ փուլը10: Հենց այս ժամանակամիջոցում էր, որ գլուխ բարձրացրեցին Հայաստանի էկոլոգիական առաջին խնդիրները:

 

Օդի աղտոտվածությունը

Առաջին հնգամյապլանի ընթացքում Երևանն ընտրվեց որպես հարմար վայր «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որը մասնագիտացված էր կաուչուկի արտադրության մեջ: «Նաիրիտը» նախատեսված էր կառուցել դեռևս 1920 թվականին, երբ խորհրդային կառավարությունը, չունենալով կաուչուկի իր սեփական աղբյուրները, հանձնարարեց գիտնակականներին սինթեզման միջոցով ստանալ տվյալ նյութը՝ կիրառելով բոլոր հնարավոր նյութերը11:

Ի սկզբանե որոշված էր, որ էթիլ սպիրտը կհեշտացնի այս գործընթացը: Սակայն այս նյութի օգտագործումը, որը ստացվում էր կարտոֆիլի հումքից, շատ թանկ գնահատվեց: Հայազգի քիմիկոս Ստեփան Համբարյանը առաջարկեց փոխարինել սպիրտը ացետիլենով՝ էականորեն դարձնելով գործընթացը ավելի էժան12: Հայաստանը, հարուստ լինելով կրաքարով, մաքուր ջրով և էլեկտրաէներգիայով,  արագորեն հավակնեց առաջարկվող գործարանի կառուցման համար ամենահարմար վայրը լինելուն:  «Կիրովի սինթետիկ կաուչուկի գործարան» անվամբ գործարանի շինարարարությունը սկսվեց 1933 թվականին՝ Երևանի հարավային ծայրամասում գտնվող հսկայական ճահճոտ տարածքի վրա:  1940 թվականին  այն ամբողջովին պատրաստ էր, և «Նաիրիտը», այժմյան Երևանի քիմիական գործարանը, հանձնվեց շահագործման՝ որպես Խորհրդային Միության առաջին կաուչուկի գործարան13:

Նոր գործարարանը  շուտով ճանաչվեց սինթետիկ քլորոպրենային կաուչուկի լավագույն արտադրողը՝ տարեկան ապահովելով 14 հազար տոննա արտադրանք14:  Այս գովելի ձեռքբերումը էլ ավելի բարգավաճեց Դյուպոնի օգնությամբ՝ որպես Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև կնքված Երկրորդ Համաշխարհային պատերազմի «Լենդ Լիզ» պայմանագրի մի մաս: Այս տեխնիկական օգնությունը մինչ պատերազմի ավարտը արտադրության ծավալը բարձրացրեց տարեկան մինչև 42 հազար տոննա: Այս ժամանակահատվածում էլ գործարանը, իր արտադրանքի հետ մեկտեղ, ստացավ «Նաիրիտ» անվանումը:

Սինթետիկ քլորոպրենային կաուչուկի «Նաիրիտ» ապրանքանիշը Դյուպոնի նեոպրինի խորհրդային համարժեքն էր:  Այն ճանաչվեց որպես բարձրորակ ճկուն կաուչուկ, որը կարող էր դիմակայել քիմիական կոռոզիային և բարձր ջերմաստիճանին: Այն կարող էր շահավետ լինել ինչպես խորհրդային հասարակական, այնպես էլ ռազմական կարիքները հոգալու համար: Այնուամենայնիվ, Նաիրիտը, որպես քլորոպրենային մոնոմեր արտադրող գործարան,  դյուրավառ էր և թունավոր և, օդի հետ խառնվելով, պայթյունավտանգ նյութեր էր արտադրում: Հետևաբար, հրդեհները և առողջությանը վնասող նյութերը լուրջ մտահոգություն էին առաջացնում և շարունակում մնալ լուրջ սպառնալիք քիմիական կաուչուկի արտադրության պարագայում: Դժբախտաբար, Սառը պատերազմ սկսելու և խորհրդային ռազմաարդյունաբերության աճի հետ մեկտեղ այդ արտադրանքնունենալը դարձավ առաջնային հարց: «Նաիրիտն» ամբողջովին անտեսեց անվտանգության և քվոտայի կանոնները, մի բան, որը խորթ չէր ԽՍՀՄ-ին15:

Սա նաև համընկավ Երևան քաղաքի աճի և ընդլայնման հետ: Քանի որ քաղաքը սկսեց ընդլայնվել հարավային ուղղությամբ, «Նաիրիտը» սկսեց շրջապատվել բնակելի շենքերով, հոսպիտալներով, խաղահրապարակներով և դպրոցներով: Խնդիրը «լուծվեց»՝  քաղաքի ներսում և շուրջը ավելի ու ավելի շատ շինություններ կառուցելով: Սա իր մեջ ներառում էր պոլիվինիլ ացետատի, անվադողերի և ալյումինի արտադրության հսկայական արդյունաբերական համալիրներ: Այդ ժամանակ գործարանն արդեն մեկուսացված էր որպես անցանկալի աղտոտվածության աղբյուր:  1956 թվականին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը առաջարկեց Երևանից հեռացնել «Նաիրիտը»՝ մնացած 75 գործարանների հետ մեկտեղ, որպեսզի պահպանվի քաղաքի բնակչության առողջությունն ու բարեկեցությունը16: Ցավոք, այս որոշումը չիրագործվեց, որովհետև, միգուցե արտադրության առավելություններն ավելի շատ էին:  Եվ  իսկապես, ստացված օգուտները ոչ միայն կայուն էին մնում, այլև ընդլայնվում էին: Հաջորդ 30 տարիների ընթացքում 54 այլ գործարաններ կառուցվեցին Երևանում և դրա շրջակայքում՝ ավելացնելով օդի աղտոտվածությունը17:  1960-ականներին խորհրդային գրող Վասիլի Գրոսմանն է անդրադարձել այս երևույթին՝ տեսնելով գործարանների «ծխացող երդիկները» և դրանց շուրջ գտնվող «ողջ բնակելի տարածքները»՝ «խիտ բնակեցված թաղամասերում», որտեղ «փոքրիկ տները կպած են միմյանց, և յուրաքանչյուր սենյակում մի ընտանիք է ապրում»18:

Ավելի ուշ՝ 1973թ., անվստահ մի փորձ արվեց «Նաիրիտը» և դրա հետ կապ ունեցող մյուս գործարանները Երևանից տեղափոխել մոտակա Մասիս քաղաքը: Սակայն այս տարբերակը արագորեն չեղյալ հայտարարվեց, քանի որ շինարարները առաջարկվող շինարարական տարածքում հայտնաբերեցին վերգետնյա ջրերի հոսանքներ:19

Միաժամանակ «Նաիրիտն» ու Երևանի մյուս արդյունաբերական կենտրոնները Հայաստանի մայրաքաղաքն արագորեն դարձրեցին Խորհրդային Միության ամենաաղտոտված քաղաքներից մեկը` հասցնելով քիմիական թունավոր արտանետումների քանակը 31.8 մլն ֆունտի (ըստ 1988թ. հաշվետվության տվյալների): Իրավիճակն այնքան բարդացավ, որ համայն հայության ազգային խորհրդանիշ և երևանյան համայնապատկերի անբաժանելի մաս կազմող Արարատը դժվարությամբ էր երևում քաղաքից:20

Փաստորեն, 1980-ականների կեսերին Երևանը դասվեց Խորհրդային Միության աղտոտված տասը քաղաքների շարքում, նույնիսկ հնարավոր է՝ բոլոր հանրապետությունների ամենաաղտոտված մայրաքաղաքն էր21:

Դժբախտաբար, Թամանյանի քաղաքի պլանը չփրկեց իրադրությունը: Երևանը կառուցված էր իրեն շրջապատող աշխարհագրական գծերի??վրա, ինչը քաղաքին իսկապես ամֆիթատրոնի տեսք էր տալիս: Ցավոք, այս բնական հատվածն էլ հայտնվեց քաղաքից և շրջապատի այլ տարածքներից բխող աղտոտ օդի թակարդում: Հետևաբար, ծուխը դարձավ գերիշխող՝ «ձմռանը Լոնդոնի դասական քիմիական ծխից» և «ամռանը Լոս Անջելեսի լուսաքիմիական ծխից» տառապող քաղաքում ստեղծելով մի երևույթ, որը հայ բնապահպաններն անվանեցին «երևանյան ծուխ»22:

Համաձայն 1984թ. նոյեմբերի հաշվետվության՝ օդի աղտոտվածությունը գերազանցեց «հանրային առողջության առավել թույլատրելի սահմանները»23: Քաղաքում էին գտնվում հանրապետության մեքենաների 40 տոկոսը, արտադրության 60 տոկոսը, հանրության 35 տոկոսը24: 1989 թվականի ընթացքում մոտավորապես 348 մլն ֆունտ մեքենաների թունավոր գազ էր արտանետվել Երևանում՝ տարեկան կտրվածքով: Դրա 45 տոկոսը կապված էր բեռնատարների, 30-ը՝ անձնական մեքենաների, 14 տոկոսը՝ տաքսիների և 11տոկոսը՝ ավտոբուսների հետ25:

Գիտնականներ ժոզեֆ Մեսին և Ռոբերտ Կրիկորիանը նշել են, որ  «աղտոտվածությունը անզեն աչքով հիմնականում տեսանելի չէր, մինչդեռ Երևանը ծածկող  ծանր սև մուրը հիշեցնում էր մռայլ մի փաստ. ինչ-որ բան իսկապես այն չէր»:26

Շինարարական արդյունաբերությունը Երևանի օդի աղտոտվածության մեկ այլ աղբյուր էր հանդիսանում՝ կազմելով դրա 35.5 տոկոսը: Քաղաքի արագ աճն ավելացրեց շինանյութի պահանջարկը: Հետևաբար, սա առիթ հանդիսացավ ստեղծելու նոր գործարաններ, որոնք արտադրում էին գիպս, ցեմենտ, մանրախիճ, պանել և ասֆալտ: Երևանի տեղական շինանյութի գործարանը, որը հիմնադրվել էր 1930 թ., շինարարական ծանր աղտոտվածության հիմնական պատճառներից մեկն էր: Տեղակայված լինելով քաղաքի հյուսիսային արվարձաններից մեկում՝ այն հիմնականում արտադրում էր գաջ՝ գիպսի արտադրության մեջ օգտագործվող մի նյութ, որն ավելի էժան էր, քան գիպսին համարժեք մեկ այլ նյութ: Գաջի զանգվածային արտադրությունը հանգեցրեց մեծ քանակությամբ փոշու տարածմանը, որը մթնոլորտ էր արտանետվում գործարանի յոթ ծխնելույզների միջոցով: Նյութերը սփռվումէին մոտակա բնակավայրերի ողջ տարածքով՝ խցկվելով առօրյա կյանքի յուրաքանչյուր անկյուն, ստեղծելով գոյության անտանելի պայմաններ տեղացիների համար:  1970-ականների վերջում հայտարարվեց, որ գործարանը կտեղափոխվի, և 1981թ. Երևանի արևելյան ծայրամասում բացվեց գաջի նոր գործարան: Դժբախտաբար, այս մեկը նույնքան վատ վիճակում էր, որքան նախկինը, որը հակառակ պաշտոնական խոստումներին, շարունակում էր բաց մնալ և ուժեղացնել բնակիչների դժգոհությունը27:

Ինչևէ, գաջի գործարանը համատարած շինարարական աղտոտվածության   բազում օրինակներից  մեկն էր միայն: Երևանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Արարատ քաղաքում  1933 թվականից գործում էր «Արարատի ցեմենտի և կղմինդրի գործարանը»: Տարեկան թողարկելով 700 հազար տոննա ցեմենտ և չունենալով էական օժանդակություն՝ Արարատի գործարանը չէր մտածում էկոլոգիական անվտանգության  և հանրային առողջության մասին: Ավազային ցեմենտի և ասբեստի փոշու տարածվելը գործարանի հեղինակության վրա կասկածելի ստվեր գցեց: Հողի և տեղացի բնակիչների համար վնասակար նյութերը պատճառ հանդիսացան շնչառական հիվանդությունների և քաղցկեղի աճի համար:  Ի լրումն այս ամենի, մեկ այլ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը նոր խնդիրներ առաջացրեց: Պաշտոնապես շահագործման հանձնվելով 1970 թ.՝ Հրազդանի գործարանը, չնայած որ ավելի ժամանակակից էր, քան Արարատինը, բնակավայրերին շատ մոտ էր կառուցված: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ երկու գործարանններն էլ տարեկան կտրվածքով մթնոլորտ էին արտանետում 175 մլն ֆունտ ցեմենտի փոշի28:

Հանածո վառելանյութերի էլեկտրակայանները, որոնք նախատեսված էին նպաստելու Երևանի էլեկտրամատակարարման աճին, արդյունաբերական աղտոտվածության մեկ այլ պատճառ էին հանդիսանում:

Այս գործարանների արտանետումները հանգեցրին թթվածնային անձրևի, ծխի և գլոբալ տաքացման և 1989թ. կազմում էին Երևանի օդի աղտոտվածության 13 տոկոսը, այդ թվում՝ Երևանի ջերմաէլեկտրակայանը (հիմնված 1963թ.) աղտոտվածությանը նպաստեց 84 տոկոսով, իսկ կաթսաները աղտոտվածությանմնացած 16 տոկոսնէինլրացնում:29

1989 թ. հաղորդվեց, որ տարեկան 1.6 մլրդ ֆունտ աղտոտիչներ են արտանետվում մթնոլորտ: Գուցե ավելի մտահոգիչ էր այն, որ այս ցուցանիշում ավելի քան 530 մլն ֆունտ աղտոտիչներ արտանետվում էին Երևանի և հարակից տարածքների մթնոլորտ: Հասկանալի է, որ նմանատիպ  միջավայրում բնակչության առողջությունը լուրջ վտանգի էր ենթարկվում: Գլխացավերը, աչքի այրոցները և նույնիսկ սուր շնչարգելումը դարձան առաջնային խնդիրներ՝ ի հավելումն շնչառական խնդիրների և քաղցկեղի:  Այս ազդեցությունը հատկապես ողբերգական էր երեխաների շրջանում. գրանցվում էին մտավոր հետամնացության, ճանաչողական անընկալունակության, բնածին արատների և թոքաբորբերի մեծ ցուցանիշներ30:

Սևանա  լիճը

Հայաստանի բնապահպանական խնդիրները չէին սահմանափակվում օդի աղտոտվածությամբ: Ստալինի կառավարման տարիներին մեկ այլ մեծ խնդիր առաջացավ՝ կապված Սևանա լճի կարգավիճակի հետ: Լճի անվանումը առաջացել է ուրարտական31«Սիուննա» կամ «Շանա» բառից, որը նշանակում է «Լճերի երկիր»: Սևանա լիճը հայերի համար բնության ամենահրաշալի պարգևներից մեկն է32: 

Լճի մոգական գեղեցկությունը երբեք հուսախաբ չի արել և միշտ ոգեշնչել է այցելուներին, արվեստագետներին և գրողներին: Նրանց թվում էին գերմանացի բնագետ Ֆրեդերիկ Փերոթը, խորհրդային հայտնի գրող Օսիպ Մանդելշտամը, ինչպես նաև խորհրդային գրող Վասիլի Գրոսմանը, որն անվանել է լիճը «աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկը»:33

Բոլորը հատկապես ցնցվել են լճի թովիչ կապտավուն ջրերով, որոնք մեծ հակադրություն են ստեղծում շրջապատի բազմաթիվ լեռների հետ: Բացի այդ, Սևանը նաև շատ հայտնի է իր յուրահատուկ ձկնատեսակով՝ կարմրախայտ, սաղմոն, իշխան34: Սևանա կղզին (այժմ թերակղզի՝ ջրի մակարդակի նվազման պատճառով)  լճի ամենաերևելի մասը, ավանդաբար եղել է մեկուսացման և ճգնավորության վայր: 9-րդ դարում կառուցված Սևանա վանքը միջնադարում ծառայել է որպես հայ ազնվականության աքսորավայր35:

Ցավոք, Սևանի բնատուր գեղեցկության լեգենդը չփրկեց նրան պոտենցիալ վնասակար լայնամասշտաբ նախագծերից: 1910թ.  Սանկտ Պետերբուրգում բնակվող հայ ճարտարագետ Սուքիաս Մանասերյանը առաջարկեց կրճատել լճի մակերեսը 50 մետրով, որպեսզի ջուրն օգտագործվի էլեկտրաէներգիայի և ոռոգման համար36:  Թեպետ  այս նախագիծն առաջարկվել էր դեռևս Ցարական Ռուսաստանի կառավարման վերջին տարիներին, այն ընթացք ստացավ միայն բոլշևիկյան հեղափոխությունից, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից և Հայաստանի խորհրդայնացումից հետո: 1931 թ. Խորհրդային Միությունը, զարգացնելով Մանասերյանի գաղափարը, մշակեց Սևանի ջրերն օգտագործելու մի համալիր  պլան, որը հայտնի է «Սևան-Հրազդան կասկադ» անվամբ: Ծրագրի նպատակն էր կրճատել ջրի գոլորշիացումը և այն օգտագործել ոռոգման և էլեկտրաէներգիայի նպատակով: Որպեսզի հասնեին այդ արդյունքին, նրանք ավելացրեցին լճի արտահոսքը դեպի Հրազդան գետը՝ նրա բնական 1.8 մլրդ խմ-ից հասցնելով տարեկան 35 մլրդ խմ37: Սա կրճատելու էր Սևանի մակերեսը մոտավորապես 80 տոկոսով: Նոր ձեռքբերված տարածքներն էլ կարող էին ծառայել գյուղատնտեսական նպատակներով38:  Ավելին,որպեսզի զարգացնեին ձկնարդյունաբերությունը, Ռուսաստանի Լադոգա  լճից պետք է ներմուծվեր սիգ տեսակի ձուկ39: Հետագայում նախագիծը հաստատվեց Հայաստանի գերագույն խորհրդի կողմից, և 1933 թ. սկսվեց շինարարությունը: 1949 թվականին միայն նախագիծն ամբողջովին ավարտին հասցվեց. Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով աշխատանքն էականորեն  հետաձգվեց: Այդ ժամանակ կառավարությունըորակեց Սևան-Հրազդան կասկադը որպես «սոցիալիզմի գլխավոր նվաճում»40:

Երբ շինարարությունն ավարտվեց, Սևանա լճի մակարդակը կտրուկ իջավ՝ գերազանցելով տարեկան մեկ մետրի սահմանը: Ջրերի նվազումն այնքան կտրուկ եղավ, որ լճի հայտնի կղզին դարձավ թերակղզի: Իր այցելության ժամանակ Վասիլի Գրոսմանը գրել է. «Այնտեղ, որտեղ երբեմնի խորը կապուտակ ջրերն էին, այժմ մռայլ քարերի մի կույտ է», ապա շարունակում է՝ նշելով, որ  «լիճն անհետանում է իր քարե ավազանից: Լույսերի մեջ ողողած Հայաստանը ցավում է ոչնչացող Սևանի համար»41:

Բարեբախտաբար, էկոլոգիական աղետը Արալ ծովի խնդիրների42 հետ մեկտեղ կանխվեց, երբ 1956թ. Նիկիտա Խրուշչովի՝ ապաստալինացմաննախաձեռնության շրջանակներում կասեցվեց նախագիծը43: Սակայն շատ ուշ էր: 1960-ականների սկզբին լճի մակարդակն իջել էր 19 մետրով, մինչդեռ ջրի ծավալը կրճատվել էր 40 տոկոսով44: Ի հավելումն այս ամենի, կտրուկ աճել էր կանաչ և կապտականաչ ջրիմուռների քանակը, որոնք զրկում էին լճի ջրերը խիստ անհրաժեշտ թթվածնից45: Սակայն որոշ նոր նախաձեռնություններ սկսեցին փոխել իրավիճակը: 1961 թ. Մինիստրների խորհուրդը միաձայն հավանության արժանացրեց լիճը փրկելու օգտին կայացրած որոշումը: Սա ենթադրում էր վերականգնել լճի ջրի նախկին մակարդակը և կրճատել աղտոտումը46:

Առաջին անհապաղ արձագանքը եղավ Արփա-Սևան նախագիծը, որի նպատակը Արփա գետի և դրա վտակ Եղեգիսի ջրերը դեպի Սևանա լիճ ուղղելն էր: 1963 թ. մեկնարկած այս նախագծի շրջանականերում պահանջվում էր կառուցել Արփա-Սևան թունելը՝ Արփայից և Եղեգիսից մինչև Սևան: Ջրամբարը կառուցվելու էր Կեչուտում՝ 150 ոտնաչափ բարձրությամբ պատնեշով, որը կուտակելու էր գետի ջրերը և ուղարկելու էր դեպի լիճը: Թունելի երկարությունը լինելու էր 30 մղոն, որը լճին կմատակարարեր տարեկան մոտավորապես 9 մլրդ խմ ջուր:47 Ժամանակը վճռորոշ դեր էր խաղում, քանի որ անհապաղ պետք էր լուծել Սևանի հարցը: «Այժմ մի ծրագիր կա՝ լեռնային գետի ուղղությունը փոխել և ուղղել դեպի Սևանա լիճ,-գրել է Գրոսմանը,-մինչդեռ խորը կապուտակ մարգարիտը հալչում-գնում է՝ օրեցօր փոքրանալով»48:

Բարեբախտաբար, այս ծրագիրը, որն ավարտին հասցվեց 1981 թ., վերջնականապես կանխեց լճի մակարդակի կտրուկ անկումը և 1988 թվականին նույնիսկ հաջողվեց բարձրացնել 28 մատնաչափով49: Հետագայում՝ 1978 թ., Խորհրդային Հայաստանի կառավարությունը լճի շուրջ հիմնեց նաև Սևան ազգային պարկը և դրա ավազանը, որպեսզի պաշտպանի տարածքի եզակի և փխրուն միջավայրը50:

Այդուհանդերձ, Սևանա լիճը շարունակում էր «տառապել» Ռուսաստանից ներմուծված սիգ ձկնատեսակից, որը փաստացի ոչնչացնում էր Սևանի հայտնի իշխանի 2 ենթատեսակ:51


Մեծամորի ատոմակայանը

Մյուս խոշորագույն բնապահպանական խնդիրը, որնառաջացավ Խորհրդային Հայաստանում, Մեծամորի ատոմակայանն էր: 1976թ. կառուցված գործարանը գտնվում է Երևանից 25 մղոն հեռավորության վրա, ակտիվ սեյսմիկ գոտում: «Դուք պետք է որ խելագար լինեք, եթե միջուկային ռեակտոր եք կառուցել նման վայրում»,- ատոմակայանի մասին է արտահայտվել միջուկային ֆիզիկոս, այլախոհ Անդրեյ Սախարովը52:

Սեյսմաակտիվ Հայաստանում ԱԷԿ կառուցելու որոշումը աստիճանաբար է կայացվել:  Դրա կառուցումը սկսվեց 1960 թվականին, այն ժամանակ, երբ Երևանը նոր էլեկտրաէներգիայի աղբյուրներ էր փնտրում, և երբ խորհրդային գիտնականները հավատացնում էին, որ միջուկային էներգիան ապահով է և այլընտրանքային: Հիդրոէլեկտրակայանների սպառված նախագծերով և հարևան Խորհրդային Ադրբեջանից էներգիա ստանալու որևէ ակնկալիք չունենալով՝Խորհրդային Հայաստանի առաջնորդ Անտոն Քոչինյաննըմբռնումով մոտեցավ միջուկային այլընտրանքային այս միջոցին: Երբ արդեն որոշված էր, որ ատոմակայանը կառուցվելու է Հայաստանում, կոնկրետ վայրը դեռևս վիճելի հարց էրմնում: Որոշված էր, որ ցանակացած գործարան պետք է կառուցվեր Սևանա լճից հեռու, և վերջնականապես Մեծամորն ընտրվեց որպես համապատասխան վայր53:

Այս որոշումը, բնականաբար, անհանգստության ալիք առաջացրեց շատ մասնագետների մոտ: Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, աշխարհին հայտնի երկրաբան Գեորգի Տեր-Մինասյանը միջնորդագիր ստորագրեց Հայաստանի 23այլ գիտնականների և մտավորականների հետ՝ արտահայտելով իրենց խիստ դժգուհությունը Մեծամորում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Շատ հիմնավորումներ կային նրանց մտահոգության համար: Իշխանությունները լռում էին լուրջ բնապահպանական, առողջապահական և անվտանգության հարցերի շուրջ: Այն փաստը, որ առաջարկվող տեղը և՛ բարձր սեյսմիկ գոտի է, և՛ խիտ բնակեցված վայր, «շատ կարմիր դրոշակներ բարձրացրեց» հանրապետության ակադեմիկոսների շրջանում: Զարմանալի չէ, որ ամենավառ հակառակորդները սեյսմիկ ճարտարագետներն էին, ովքեր պնդում էին, որ նման կայանի կառուցումը սեյսմոակտիվ գոտում պարզապես աղետի բույն է: Հատկանշական է, որ Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում և Մեծամորը, ըստ ՄՍԿ-64-ի (մակրոսեյսմիկ ինտենսիվության սանդղակ) գտնվում էր սեյսմիկ ակտիվության 8-րդ մակարդակում:Ինչևէ, այդբոլոր բողոքներնանտեսվեցին, և 1969թ. աշնանը սկսվեց Մեծամորի ատոմակայանի կառուցումը54:

Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվեց երկու՝ VVER-40, V230 միջուկային ռեակտորների մոդելներով, որոնք մինչ ատոմակայանի կառուցման ավարտը արդեն հնացած էին համարվում: Երկրաշարժի գործոնը երբեք հաշվի չի առնվել խորհրդային ատոմայինռեակտորներ նախագծելու ժամանակ: Իրավիճակը փոխվեց 1977 թվականին, երբ երկրաշարժը ցնցեց Վրանչան (Ռումինիա)՝ Բուլղարիայի Կոզլոդույ ատոմակայանից 200 մղոն հեռու:  Այս առիթով 1979 թ. ԱԷԿ կառուցելու նոր չափանիշներ մշակվեցին: Այնուամենայնիվ, դրանից երեք տարի հետո Մեծամորի ատոմակայանը սկսեց շահագործվել, չնայած էական կառուցվածքային փոփոխություններ արվել էին՝ էլ ավելի շատ անվտանգություն ապահովելու համար55:

Հասկանալի է, որ այս ամենը քիչ էր խիստ քննադատներին բավարարելու համար. նրանք հատկապես ակտիվացան 1986թ. ապրիլին Չեռնոբիլում տեղի ունեցած աղետից հետո, հատկապես երբ այդ ողբերգությունըհետևանքները ունեցավողջ Խորհրդային Միության տարածքում: Իրականում, եթե դա վերաբերեր Մեծամորին և Հայաստանին, ապա այդ աղետի ազդեցություննավելի մեծ կլիներ:Չեռնոբիլի վթարից հետո 40 հազար քռ/կմ ճանաչվեց որպես ռադիոակտիվությամբ «ծանր աղտոտված»տարածք: Եթե նույն աղետը պատահեր Մեծամորի հետ, ապա Հայաստանը՝ 11.500 քռ/կմ ընդհանուր մակերեսով, ամբողջովին կհամարվեր ծանր ռադիոակտիվ տեղումների տարածք:

Բացի այդ, ի տարբերություն Չեռնոբիլի դեպքի, որը տեղի ունեցավ քիչ բնակեցված գյուղատնտեսական տարածքում, Մեծամորի շրջակա տարածքները խիտ բնակեցված են և հիմնականում ուրբանիզացված: Եթե Մեծամորի ատոմակայանում Չեռնոբիլի նման մի վթար լիներ, Հայաստանում փաստացի տեղ չէր լինի մարդկանց տարհանելու համար: Երկիրն ամբողջությամբ «կվերածվեր մռայլ,անկյանք ռադիոակտիվ անապատի»56: Հետագայում սկսեցին հարցեր առաջանալկապվածՄեծամորի ԱԷԿ-ի կառուցման համար պահանջվող շինանյութերի և դրա հետագա շահագործումն ապահովելու վերաբերյալ:ԱԷԿ-ի շինարարության պետի ջանքերինհակառակ, ով փորձում էր հերքել բոլոր մեղադրանքները, կասկածները շարունակումէին մնալ57:Դեռ ավելին, ատոմակայանի կործանարար սպառնալիքները կարծես քիչ էին, բնակիչներն էլ իրենց հերթին սկսեցին քննադատել այն բնածին արատների կտրուկ աճի համար, որիպատճառը կրկնակի ռեակտորների արտանետումներն էին58

Ժամանակակից բնապահպանության զարգացումը Հայաստանում

Բնապահպանական այս բոլոր խնդիրները՝ օդի աղտոտվածությունը, Սևանա լճի հարցը, Մեծամորի ատոմակայանը, դարձան առանցքային՝ 1980-ականների վերջին  Հայաստանում բնապահպանական շարժում սկսելու համար: Սակայն, միայն այս հարցերը չէին կարող համախմբել մարդկանց և սկսել զանգվածային շարժում: Ավելի շուտ դա էկոլոգիական խնդիրների և պատմական հանգամանքների համակցություն  էր:

Պատմական գործընթացը, որը Խորհրդային Հայաստանում հանգեցրեց բնապահպանական շարժման, սկսվել է 1970-ականներին: Այդ տասնամյակի ընթացքում հատկապես երկու իրադարձություն տեղի ունեցավ, որոնք վճռորոշ դեր խաղացին Հայաստանի բնապահպանական զարգացումների վրա: Առաջինը տեղի ունեցավ 1972 թ. հունիսին, երբ Խորհրդային Միությունը մասնակցեց Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի համագումարին՝ «Մարդու շրջակա աշխարհը»  թեմայով:  Հայտնի որպես «Ստոկհոլմի գագաթաժողով» (կամ՝ Ստոկհոլմի համագումար), այս իրադարձությունը ՄԱԿ-ի առաջին մեծածավալ գագաթաժողովն էր, որ գումարվեց միջազգային բնապահպանական խնդիրների շուրջ, և այսպիսով բեկումնային եղավ միջազգային բնապահպանական շարժման համար:  Այս գագաթաժողովին ԽՍՀՄ-ը պարտավորվեց աջակցել բնապահպանական հարցերի իրազեկմանը իր սահմանների ներսում59:

1975թ. այս պարտավորվածությունը վերահաստատվեց Ստոկհոլմից 246 մղոն դեպի արևելք ընկած Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, որտեղ Խորհրդային Միությունը ԱՄՆ-ի, Կանադայի և եվրոպական գրեթե բոլոր երկրների հետ ստորագրեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության (կամ Հելսինկիի համաձայնագիր) եզրափակիչ ակտը: Ըստայսպայմանագրի՝  բոլոր ստորագրողները համաձայնության եկան ուսումնասիրելու տարբեր ազգերի էկոլոգիական խնդիրները,  բարձրացնելու «ազգային և միջազգային միջոցառումների արդյունավետությունը՝ ի օգուտ բնության պաշտպանության» և «համապատասխան» միջոցառումներ կիրառելու բնապահպանության քաղաքականությունը ավելի միասնական դարձնելու համար60:

Ավելին, ստորագրող կողմերը պարտավորվում էին «որտեղ անհրաժետ է և հնարավոր, խթանել ազգային և միջազգային ջանքերը իրենց շահագրգռված կազմակերպությունների միջոցով, աջակցել այն ձեռնարկությունների և ընկերությունների զարգացմանը, որոնք զբաղվում էին այնպիսի սարքավորումների արտադրությամբ, բարելավմամբ, որ նախատեսված էին բնությունը պաշտպանելու և պահպանելու համար»: Այսպիսով, խորհրդային կառավարությունը միջազգային պայմանագրով պարտավորվում էր խրախուսել բնապահպանական շարժումները ինչպես իր տարածքում, այնպես էլ սահմաններից դուրս: Բացի այդ, Հելսինկիի պայմանագրում ընդգծվեցին էկոլոգիական մտահոգություն առաջացնող հատուկ ոլորտներ, ինչպիսիք են օրինակ՝ օդի և ջրի աղտոտվածությունը, որոնք անմիջապես վերաբերում էին Հայաստանին61:

Ցավոք սրտի, և՛ Ստոկհոլմի, և՛ Հելսինկիի համաձայնագրերի սկզբնական արձագանքները սահմանափակված էին Խորհրդային Միությունում: Իրականում բնապահպանական քննարկումներ և շարժումներ կային: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը չկիրառվեց կոնկրետ խնդիր լուծելու հարցում: Ավելի շուտ ուշադրությունը բացառապես սևեռված էր արևմտյան աշխարհում առկա բնապահպանական խնդիրների վրա: Հայ բնապահպան ակտիվիստ Կարինե Դանիելյանը հիշում է, որ խորհրդային կառավարությունը հիմնել էր մի կազմակերպություն «Գիտելիք» անվամբ, որպեսզի քննարկվեին շրջակա միջավայրին վերաբերող հարցերը62: Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքերով՝ «Գիտելիք» կազմակերպության այլ տարատեսակներ գոյություն ունեին նաև խորհրդային 14 տարբեր  երկրներում63:  Ցավոք, «Գիտելիքի» անդամները միայն տեսական հարցերէինքննարկում, մեծ մասամբ մտահոգված էին   արևմուտքի էկոլոգիական խնդիրներով: Կ. Դանիելյաննիրավացիորեն նշում է. «Տեսակետ կար, որ մենք խորհրդային սոցիալիզմի օրոք չենք կարող խնդիրներ ունենալ»: Ինչևէ, Հայաստանի գիտակից շատ բնապահպանների համար այս տեսակետը հեռու էր իրականությունից, նամանավանդ  որ նրանք «Երևանի, Կիրովականի64, Ալավերդու և Սևանի լուրջ խնդիրների ականատեսն էին, սակայն իրավունք չունեին բարձրաձայնել այդ մասին»65:

Չնայած գործնականորեն հարցերը հիմնականում մնում էին չլուծված, տեսականորեն այդ գաղափարները սկսեցին ներթափանցել հասարակության մեջ: Մեծամորի ատոմակայանի կառուցումը հայ բնապահպանների գլխավոր մտահոգությունն էր: Բացի այդ, Մեծամորի կառուցումից ընդամենը մի քանի տարի անց Մոսկվայի Խլոպինի ինստիտուտը առաջարկեց ատոմակայանին կից կառուցել տարածաշրջանային միջուկային թափոնների գործարան, որպեսզի Կովկասից հավաքի ամբողջ թափոնը66: Ամենավատը, Սանասարյանի խոսքերով, այն էր, որ այս տարածքը պետք է ներառեր նաև Արևմտյան Գերմանիայի և Ֆինլանդիայի թափոնները, հիմնականում որպեսզի հնարավորություն տա Կրեմլին՝ արտաքին պարտքերը մարելու համար: Բարեբախտաբար, գլխավորապես Գեորգի Տեր-Ստեփանյանի ջանքերի շնորհիվ, այս մտահղացումը երբեք չիրագործվեց67: Այնուամենայնիվ, շտապ լուրջ քննարկումներ կազմակերպվեցին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բնապահպանների շրջանում, որոնք 1970-ականների վերջում աստիճանաբար վերածվեցին ակտիվիզմի68:


Առաջին փուլ. 1975-1985թթ.

Հայաստանի բնապահպանական շարժումը իր առաջին փուլը, դեռևս թույլ մակարդակով, սկսեց 1970-ականներին, երբ այլախոհության և դժգոհությունների ալիք էր բարձրացել ԽՍՀՄ-ի ողջ տարածքում և արևելյան բլոկում: Հելսինկիի համաձայնագիը Խորհրդային Միությանը պարտադրել էր ոչ միայն զբաղվել բնապահպանական խնդիրներով, այլև մարդու իրավունքով: Սա նախադրյալ հանդիսացավ 1976թ. մայիսի 12-ին Մոսկվայում Հելսինկյան դիտորդական խումբ ստեղծելու համար. այս կազմակերպությունը ստեղծվեց Անդրեյ Սախարովի բնակարանում: Խմբի միակ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն էր Խորհրդային Միությունում, ինչպես նաև հետևողականությունը, որ Մոսկվան կատարի իր պարտականությունները69: Կազմակերպիչները ներառեցին նաև մի շարք ակտիվիստների՝ Լյուդմիլա Ալեքսեևա, Ելենա Բոններ, Պյոտր Գրիգորենկո, Անատոլի Մարչենկո, Յուրի Օրլով, ովքեր երկար տարիներ ակտիվորեն ներգրավված էին խորհրդային այլախոհական և մարդու իրավունքների պաշտպանության շարժումների մեջ: Նրանք հայտնեցին, որ «կընդունեն տեղեկատվություն խախտումների վերաբերյալ (Եզրափակիչ ակտի մարդասիրական կետերի համաձայն), կկազմեն փաստաթղթեր և հանրությանն ու ստորագրող կառավարության անդամներին կծանոթացնեն Հելսինկյան համաձայնագրի բովանդակության հետ»70:

Մոսկվայի խումբը այնուհետև խրախուսեց այլ երկրներին նույնպես խմբեր ստեղծել այդ նպատակի շուրջ: Առաջին արձագանքը ստացվեց Խորհրդային Միության ոչ ռուսական հանրապետություններից: Նոյեմբերի 5-ին Վիլնյուսում հայտարարվեց Լիտվայում Հելսինկյան խմբի ստեղծման մասին:  Սրան հետևեց Ուկրաինայում հելսինկյան խմբի կազմավորումը նոյեմբերի 9-ին, Վրաստանում՝ 1977 թ. հունվարի 14-ին և Հայաստանում՝ ապրիլի 1-ին71: Սա, իր հերթին, հանգեցրեց մարդու իրավունքների բարձրաձայնմանը և հելսինկյան խմբերի տարածմանը Խորհրդային Միության սահմաններից դուրս՝ Վարշավայի համաձայանագրի արևելյան բլոկի երկրների շրջանում: Ամենանշանավորը 1977 թ. հունվարին կոմունիստական Չեխոսլովակիայում քաղաքացիական նախաձեռնության Խարտիա-77-ի ստեղծումն էր: Դրամատուրգ Վացլավ Հավելի գլխավորությամբ խումբը ստեղծվեց նորարարական փաստաթղթի հիման վրա՝  նույն անվամբ:  Խարտիան, գրված լինելով  ի պատասխան նոնկոնֆորմիստական ռոք խմբի անդամների ձերբակալման, ի ցույց դրեց Պրահայի ձախողումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչը նա պարտավորվել էր իրականացնել մի շարք միջազգային համաձայնագրերով և փաստաթղթերով, այդ թվում՝ Հելսինկիի եզրափակիչ ակտով72:

Հենց այս համատեքստում էլ սկսեց զարգանալ Հայաստանի բնապահպանական ակտիվիզմը: Ամենաշատ արձագանքները եկան Հայաստանի գիտությունների ակադեմիայից: Դրանց թվում էին գիտնականներ, կենսաբաններ, բնապահպաններ, անհատներ, ինչպիսիք են Կարինե Դանիելյանը, Գեորգի Տեր-Ստեփանյանը, Հակոբ Սանասարյանը, Գոհար Սարիբեկյանը և Էվելինա Արարատյանը: Տասնամյակ անց նրանց միացան այլ անդամներ՝ ի դեմս Հրանտ Սարգսյանի և Վաչե Քալաշյանի, ովքեր հիմնադրեցին «Գոյապայքար» միությունը: Ակադեմիայի մտահոգված անդամների կողմից սեմինարներ էին կազմակերպվում Փորձարարական կենսաբանության և կենսաքիմիայի ինստիտուտում: Շուտով ամենանշանավոր գործիչները, այդ թվում Վալյա Ադոնցը և Խաչիկ Ստամբուլցյանը, միացան նոր սկիզբ առնող խմբին73: Հատկանշական է, որ նրանք խուսափում էին օգտագործել «էկոլոգիա» տերմինը, քանի որ այն ասոցացվում էր, ինչպես Հակոբ Սանասարյանն էր անվանում, «այլախոհական մտքերի հետ»74:

Շուտով, այս վաղ հայկական բնապահպանական գործիչները սկսեցին օգտագործել «Գիտելիք» խումբը՝ որպես իրենց մտահոգությունները առաջ մղելու մեխանիզմ:  Խումբը աստիճանաբար սկսեց կենտրոնանալ տեղային էկոլոգիական խնդիրների վրա: Խմբի անդամները սկսեցին շրջել գործարաններով և համալսարաններով, խոսել բնապահպանական հարցերի շուրջ: Նրանք նաև սկսեցին հոդվածներ գրել և հանդիպումներ կազմակերպել: Հայաստանի գրողների և լրագրողների միությունները նույնպես սկսեցին միանալ շարժմանը՝ ցուցաբերելով ակտիվ և շոշափելի աջակցություն75:

Շարժման մասնակիցները տեղական իշխանությունների կողմից երբեմն առանձին-առանձին հրավիրվում էին շրջկոմ:  «Մի անգամ հետաքրքիր միջադեպ եղավ»,-հիշում է Կարինե Դանիելյանը,-մեր շրջկոմի երրորդ քարտուղարը խոսում էր ինձ հետ սեղանի շուրջ նստած և ասում, որ ճիշտ քաղաքականություն չենք ընտրել և շատ վատ բան ենք անում: Քիչ անց կանչեց ինձ պատուհանի մոտ և ասաց. «Կարինե ջան, սա շատ վտանգավոր բան է, դու պետք ես ազգությանը, ավելի զգույշ եղիր»»76:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի և ԿԳԲ-ի համատեղ ստեղծած առաջին բաժինը նույնպես հրավիրեց խմբի անդամներին և տվեց նույն նախազգուշացումը:   Ինչևէ, ինչպես Դանիելյանն է նշում՝ «հայկական իշխանությունները հայրենասեր էին, նրանք չէին խոչընդոտում մեզ, պարզապես զգուշացնում էին, որ ուշադիր լինենք, շատ կտրուկ չխոսենք, որ դա վտանգավոր է և այլն»77:

1980-ականների սկզբներին մի թույլ շարժում ձևավորվեց, որի նպատակն էր պայքարել երկրի անհավասար և պատահական ինդուստրացիայի գերազանցումների և չարաշահումների դեմ:  Անդամները գլխավորապես կրթված մարդիկ էին: Նրանց շարքերում ականավոր գիտնականներ էին, գրողներ, մանկավարժներ և այլ մտավորականներ78: Նրանք «շատ խիզախ անձինք էին, ովքեր իրենց ձայնն էին բարձրացնում ինչ-որ բան ասելու այն ժամանակ, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է»79:

Երկրորդ փուլ. 1985-1991 թթ

Ըստ Կարինե Դանիելյանի և լրագրող Պիեռ Վերլուիսի՝ ռուսաստանյան մի շարք դիտորդների համոզմամբ՝ Հայաստանում 1985-91թթ. բնապահպանական շարժումը իրականում կազմակերպված էր Կրեմլի կողմից, որպեսզի հրահրեին ազգային ապստամբություն, ինչը կարատավորեր Խորհրդային Հայաստանի տեղական իշխանություններին և Մոսկվային կտար հարմար առիթ նրանց հեռացնելու համար80: Սակայն նման տեսությունը չէր համապատասխանում իրողությանը: Իրականում Հայաստանի բնապահպանական շարժումը արդեն մեկ տասնամյակ էր, ինչ սկսվել էր և իր կիզակետին հասավ բարեփոխիչ (ռեֆորմատոր) Միխայիլ  Գորբաչովի ժամանակ, երբ վերջինս իշխանության գլուխ եկավ 1985 թ.: Գորբաչովի խոսքերով՝ գլասնոստի և պերեստրոյկայի քաղաքականությունը «հանրության առջև կտրուկ բացեց բնապահպանության հարցը և առաջին անգամ հնարավորություն տվեց մարդկանց ստանալ ոչ թե մեկուսացված, խնամքով «մշակված» տեղեկատվություն, այլև իմանալ ողջ ճշմարտությունը, որ տեղի էր ունենում երկրում»81:  Շուտով Հայաստանի ժողովուրդը հասկացավ այս ամենը. հայ-ամերիկյան բնապահպան-պատմաբան Ֆիլիպ Քեչյանի խոսքերով՝ «շրջակա միջավայրը այն սակավ թեմաներից մեկն է, որը պետք է համախմբի բոլորին, և որը երբեմն կարող է մարտահրավեր լինել կառավարության համար»82:  Հետևաբար, դա կարող էին լինել գլասնոստն ու պերեստրոյկան, որ ամբողջ ուժով առաջ կմղեին բնապահպանական շարժումը: 

1986 թ. մարտին թվով 365 մտավորականներ, այդ թվում և գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, նամակ ուղղեցին Գորբաչովին, թվարկելով բոլոր այն հետևանքները, որ արդյունաբերական աղտոտվածությունը հասցրել էր իրենց երկրին83:  Նամակում նշված էր, որ 1965-85 թթ. ընկած հատվածում քաղցկեղով հիվանդների  տոկոսը աճել էր չորս անգամ, իսկ բնածին արատները, մտավոր հաշմանդամությունը և սակավարյունությունը դարձել էին առավել տարածված84:  Նկատի ունենալով այս ամենը՝ ակտիվիստները սկսեցին շրջապատել «Նաիրիտի» տարածքը՝ պահանջելով դադարեցնել թունավոր արտանետումները: Այնուհետև, Չեռնոբիլի աղետից մի քանի շաբաթ առաջ, նրանք ցույցեր սկսեցին Մեծամորում85:

Շուտով ակնհայտ դարձավ՝ Հայաստանի շարժումը նշանակալից էր ոչ միայն խորհրդային բնապահպանական խոշոր շարժման տեսանկյունից: Դա նաև Հայաստանի առաջին իսկական համաժողովրդական շարժումն էր:  Բնապահպանությունը միջոց էր մարդկանց համար արտահայտելու իրենց դժգոհությունը առկա իրավիճակի վերաբերյալ, այն ժամանակ, երբ նմանատիպ «Կանաչ» շարժումները արդյունքի էին հասնում Լիտվայում, Էստոնիայում, Ուկրաինայում և Բելառուսում86:  Շարժումն ի վերջո սկսեց ընդգրկել արվեստագետներին, ռեժիսորներին, դժգոհ պաշտոնյաներին և արգելված գրողներին: Հատկանշական է, որ այն նաև ստվերեց Հայաստանում ամենակայացած այլախոհական Ազգային միաբանություն կուսակցության (ԱԻՄ) բողոքը87:

Սակայն բոլորը չէ, որ համաձայն էին շարժման հետ: «Նաիրիտ» գործարանն ուներ իր աջակիցները՝ ի դեմս գործարանի երևանյան տնօրենի և խորհրդային քիմիական արդյունաբերության նախարարության: Միանշանակ, «Նաիրիտը» բարձր ցուցանիշով միակ քլորոպրեն արտադրող գործարանն էր ողջ ԽՍՀՄ տարածքում: Դա կաուչուկի հատուկ մի տեսակ էր, որը դիմակայում էր քիմիական կոռոզիային, բարձր ջերմաստիճանին և խորհրդային ռազմարդյունաբերության կարևոր բանալին էր, հատկապես Խորհրդային Միության՝ Աֆղանստանի հետ շարունակական պատերազմի պարագայում88: Այս փաստը չկարողացավ  ստիպել բնապահպաններին՝ փոխելու իրենց միտքը: Զորի Բալայանն իրավիճակն էլ ավելի թեժացրեց՝ 1987 թ. հոկտեմբերի 16-ին «Լիտերատուրնայա գազետա» թերթում հրապարակելով մի խիստ հոդված՝ «Երևանը վտանգված է» վերնագրով89: Այս հոդվածում Բալայանը քննադատում և ափսոսանք է հայտնում «Նաիրիտի» և Սևան նախագծի պատճառով առաջացած աղտոտվածության համար: Նա բացահայտ քննադատում է իշխանություններին, կուսակցական տեղական առաջնորդներին անվանում «իսկական մաֆիոզներ, ովքեր ընդհանրապես հոգ չեն տանում հանրային առողջության նկատմամբ»90:

Հոդվածը լույս տեսնելու հաջորդ օրը Բալայանը չորս հազար ցուցարար հավաքեց Երևանի Թատերական հրապարակում՝ ընդդեմ օդի աղտոտվածության չարաշահման (իր տեսակի մեջ առաջին խոշոր իրադարձությունը ԽՍՀՄ-ում)91: Զայրացած ցուցարարները պաստառներ էին բռնել հետևյալ կարգախոսներով՝ «Մենք ուզում ենք մաքրել օդը», «Մենք առողջ երեխաներ ենք ուզում», «Փակեք «Նաիրիտը» և մարդիկ կփրկվեն»: Բալայանն էլ իր ամբիոնից հայտարարեց. «Կորչի՜ լայնամասշտաբ քիմիական արդյունաբերությունը: Կեցցե՜ հզոր Հայաստանը»92: Հայ հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նույնպես խոսեց՝ պահանջելով փակել բոլոր քիմիական գործարանները և զգուշացրեց իր լսարանին. «Թույլ չտա՛ք, որ Կարմիր ցեղասպանությանը հաջորդի այս անտեսանելի ցեղասպանությունը»93:  Բացի այդ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ցավով նշեց, որ ծուխը խանգարում է մարդկանց տեսնելու Արարատ լեռը94: «Չեք կարող պատկերացնել, թե ինչ վիճակում էր էկոլոգիան, որքան մեծ էր ճնշումը նրա վրա»,- հիշում է Հակոբ Սանասարյանը: «Անձամբ ես սիրողական լուսանկարիչ էի, բայց չէի կարող լուսանկարներ անել 1987 թ. ցույցերից: Ես չէի համարձակվում ֆոտոխցիկս օգտագործել, որովհետև մտածում էի մնացած մարդկանց մասին: ԿԳԲ-ն հետապնդելու էր նրանց, բայց, իհարկե, ԿԳԲ-ն լուսանկարներ անում էր»95:

Չնայած իրենց արած խիստ հայտարարություններին, այնուամենայնիվ, Բալայանը, Կապուտիկյանը և Մանսուրյանը, որպես նոմենկլատուրայի անդամներ, գիտեին իրենց սահմանը: Իրականում Կապուտիկյանն ու ևս մեկ երիտասարդ բանաստեղծուհի՝ Մարո Մարգարյանը, նույնիսկ խնդրել էին Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար Հայկազ Շահինյանին ապահովել ոստիկանության միջամտությունը ցույցերին և կանխել բռնությունն ու արյունահեղությունը: «Մենք շատ վախեցած էինք, որ բռնություն ու ճնշումներ կլինեն»,-հիշում է Սանասարյանը96:  Բացի այդ, եթե, օրինակ, Բալայանը դեմ էր Մեծամորի ատոմակայանի կառուցմանը, նա միևնույն ժամանակ գիտակցում էր նաև դրա կարևորությունը: Նա նաև ասում էր, որ «Նաիրիտը» կարող էր փակվել այն ժամանակ, եթե նմանատիպ այլ գործարան բացվեր Խորհրդային Միության մեկ այլ տարածքում97:

Ի պատասխան հոկտեմբերյան ցույցերի` Մոսկվան գիտական հանձնաժողով ուղարկեց Երևան՝ ուսումնասիրելու ցուցարարների խնդիրները և ձեռնարկելու համապատասխան միջոցներ98:  Հանձնաժողովը, սակայն, անտեսեց այդ հարցի վերաբերյալ տեղացի ակտիվիստների արած ուսումնասիրությունը: Նման մի ակտիվիստի՝ Էմմա Խաչատրյանին, որը թեկնածուական թեզ էր գրել «Նաիրիտի» պատճառով առաջացած օդի աղտոտվածության մասին, թույլ չտվեցին պաշտպանելու իր աշխատանքը: Եվ, որ ամենավատն է, բոլոր քննադատական փաստաթղթերը, որոնք վկայում էին հանրային առողջության վրա գործարանի բացասական ազդեցության մասին, ոչնչացվեցին հենց տեղի պոլիկլինիկայի կողմից, որտեղից նա ի սկզբանե վերցրել էր տեղեկատվությունը99:

Վերջում հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ լավագույն լուծումը պարզապես «Նաիրիտ» գործարանի մի մասի փակումն է սեպտեմբերի 1-ից: Երբ այդ օրը եկավ, հազարավոր հայեր հավաքվեցին գործարանի դիմաց՝ համոզվելու, որ խոստումը իսկապես պահվելու է: Մինչ առաջին մասը կփակվեր, ամբոխը շրջվեց դեպի երկրորդ մասը, որը շարունակում էր վնասակար նյութերի արտանետումները: Վրդովված՝ նրանք վերսկսեցին իրենց ցույցերը, որը կարծես գնալով ուժեղանում էր100:

Մինչև տարեվերջ շարժումը սկսեց սփռվել Հայաստանի մյուս մասերով: Հյուսիս-արևմուտքում խոշոր ցույցեր բռնկվեցին Լենինականում101: Այնուհետև, 1988 թ. հունվարի 18-19-ը Երևանից ընդամենը 9 մղոն հեռավորության վրա գտնվող Աբովյան քաղաքի բնակիչները կազմակերպեցին լայնամասշտաբ մի հանրահավաք Երևանի Թատերական հրապարակում՝ ընդդեմ մանրէաբանական գործարան կառուցելու գաղափարի102:  Այս պլանով նախատեսված էր բացել նոր ընդարձակ գործարան՝ արդեն գոյություն ունեցող փորձնական մանրէաբանական կենտրոնի տարածքում: Ցուցարարները դեմ հանդես եկան հիմնականում այն պատճառով, որ կանայք, ովքեր արդեն աշխատում էին փորձնական գործարանում, տուժել էին մի շարք հիվանդություններից103:  Ցույցերն առաջնորդում էին կանայք, և ներգրավեցին ավելի քան երկու հազար մարդ104:  Նրանք ոգեշնչվեցին Կիրիշի քաղաքի ցուցարարներից, որը գտնվում է Լենինգրադից մոտավորապես 75 մղոն հարավ-արևելք: Այնտեղ ցուցարարները բողոքում էին պրոտեինի և վիտամինի խտանյութ արտադրող գործարանի դեմ, ինչը պատճառ էր դարձել բրոնխիտի և ասթմայի բազմաթիվ դեպքերի105:

Մոսկվայից ժամանած պատվիրակությունը փորձեց հանդարտեցնել աբովյանցիների բողոքը, պնդելով որ Կիրիշիում տարածված հիվանդությունները որևէ կապ չունեն գործարանների, բրոնխիտի կամ ասթմայի հետ, դրանք ավելի շուտ կապված են մարմնավաճառության և սիֆիլիսի հետ: Սա, իհարկե, հեռու էր իրականությունից և փաստորեն առիթ էր Աբովյանի գործարանի հարցից ուշադրությունը շեղելու: Ինչևէ, ակտիվիստները, ինչպես օրինակ, Կարինե Դանիելյանը, կարողացան բժշկական համալսարանի պրոռեկտոր Վլադիմիր Ամատունուց կիսագաղտնի տվյալներ ձեռք բերել, որպեսզի ժխտեին կառավարության արած հայտարարությունները՝ այսպիսով ուժեղացնելով ցուցարարների պահանջները և ամրագրելով նրանց հաջողությունը106:

«Բոլոր այդ (գիտական) հաստատություններն ունեին տեղեկատվություն երկրի վիճակի մասին՝ և՛ էկոնոմիկայի, և՛ առողջապահության վերաբերյալ նյութեր»,- հիշում է Սանասարյանը:-Հայաստանի բնապահպանական շարժման գլխավոր շարժառիթը մարդկանց առողջությունն էր, որը սարսափելի վիճակում էր: Այնպես որ, այս հաստատություններն ու մասնագետները պարզապես պետք է տային մեզ այդ տվյալները և իրենք չխառնվեին: Մենք պետք է գաղտնի ճանապարհով ստանայինք այդ փաստաթղթերի պատճենները, վերլուծեինք և ներկայացնեինք հանրությանը: Իհարկե, Գորբաչովի ժամանակաշրջանում դրանք հնարավոր էր նաև տպագրել այսպես կոչված ոչ պաշտոնական թերթերում»107:

Այդուհանդերձ, Սանասարյանը նշեց նաև, որ նման փաստաթղթեր շատ դժվար էր ձեռք բերել, և որ իշխանություններն ամեն բանի կգնային սահմանափակելու, կեղծելու կամ ոչնչացնելու քննադատող տվյալները108:  Ակտիվիստներն այնքան էին անհանգստացած այն փաստով, որ ամենուրեք սփռված էին պետական անվտանգության մարմինները, որ իրենց տներում երբեք չէին պահում այդ փաստաթղթերը, այլ ուրիշ վայրերում, այդ թվում՝ Վրաստանի հարավ-արևմտյան հայաբնակ Ջավախեթի շրջանում109 և մայրաքաղաք Թբիլիսիում110: 

Իրականում Վրաստանի կապը Հայաստանի բնապահպանական շարժման հետ, բացի կարևոր փաստաթղթերը ապահով պահպանելուց, էլ ավելի ընդլայնվեց: 1990թ. Զուրաբ Ժվանիան՝ Վրաստանի ապագա վարչապետը, կազմավորեց բնապահպանական մի խումբ՝ «Կովկասը մեր ընդհանուր տունն է» անվամբ, հովանի մի կազմակերպություն, որի նպատակն էր համախմբել կովկասյան տարածաշրջանի բոլոր էկոլոգիական խմբերին111:  Նաիրա Գիլաշվիլիի աջակցությամբ նրանք հրավիրեցին գործիչներ Հայաստանից, Չեչենո-Ինգուշեթիայից և Կովկասի այլ մասերից,  բոլոր նրանց, ովքեր ակտիվ դերակատարություն և մասնակցություն էին ունեցել այս հարցում: Փոխադարձաբար վրացի ակտիվիստներն էին այցելում էկոլոգիական հարցերի շուրջ Գրողների միության տանը կազմակերպվող հանդիպումներին112:

1988 թ. սկզբներին բնապահպանական շարժումը հասել էր հաղթական հաջողության: Ասֆալտի գործարանը տեղափոխվեց Երևանից, Կիրովականի քիմիական և Երևանի ալյումինի գործարաններին առաջարկվեց «փոխել իրենց գործունեության մեթոդը»: Միգուցե, ամենակարևորը այս ամենում հանրության աջակցության ընդլայնումն էր: Բնապահպանական շարժումն ակնհայտորեն դառնում էր մեծածավալ ազգային շարժման նախադրյալ: Պատմաբան Ռոնալդ Գրիգոր Սյունիի խոսքերով՝ շրջակա միջավայրի պահպանությունը «հայերին տվեց համաժողովրդական մի խնդիր, որը մոբիլիզացրեց մեծ թվով մարդկանց, բայց դեռ ոչ այնքան, որ սպառնար քաղաքական ղեկավարությանը»113:

1988 թ. մեկ այլ քաղաքական հարց ծագեց, որը սկսեց սպառնալ խորհրդային իշխանություններին: Դա Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հարևանությամբ գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակն էր: Այս տարածքը խիստ վիճարկելի էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Կովկասում Ռուսաստանի իշխանության անկումից հետո՝ 1917-1920 թթ.: Անկախ այն փաստից, որ բնակչութեան մեծամասնութիւնը հայեր էին, Ղարաբաղը այնուամենայնիւ անցաւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ: Խորհրդայնացման շրջանում Բոլշեւիկներն ի սկզբանէ յայտարարեցին, որ այդ տարածաշրջանը պետք է յանձնել Հայաստանին՝ հարեւան Սիւնիք (Զանգեզուր) գաւառում ապստամբութիւնը կանխելու նպատակով: Այնուամենայնիւ, խորհրդային իշխանութիւնների կողմից Սիւնիքի ապստամբութիւնը զսպելուց յետոյ տուեալ որոշումը խախտուեց, եւ տարածաշրջանը յայտնուեց Խորհրդային Ադրբեջանի հովանաւորութեան տակ՝ այն պայմանով, որ պէտք է պահպանուի Ղարաբաղի հայերի ինքնավարութիւնը: Ըստ պատմաբան Արսէն Սապարովի՝ Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ Նարիման Նարիմանովը օգտագործեց Ադրբեջանի շարունակական վերահսկողութեան դիրքերը, ինչպես նաեւ Բաքուի նավթային մատակարարումները՝ ազդելու խորհրդային իշխանութիւնների կողմից կայացուող որոշման վրայ114:

Ղարաբաղեան գլուխկոտրուկին տրուած լուծումը չբաւարարեց ոչ հայաստանեան, ոչ էլ ադրբեջանական կողմին: Խորհրդային ողջ ժամանակահատուածում Ղարաբաղի հայերը  պարբերաբար ցոյցեր էին կազմակերպում Մոսկուայում՝ Ղարաբաղը Հայաստանին վերադարձնելու պահանջով, ինչպես որ սկզբում խոստացուել էր: Խորհրդային Միության ներսում սահմանները փոփոխվել են ազգային ինքնորոշման նախկին սկզբունքի համաձայն: Սակայն դա չի անդրադարձել հայաբնակ Ղարաբաղի վրա: Ակտիվիստների և մտավորականների նամակներն ու բողոքի ցույցերը պարբերաբար ընկնում էին Մոսկվայի խուլ ականջները115:  Մինչդեռ Ղարաբաղի հայերի, հակառակ իրենց «ինքնիշխան կարգավիճակի», մշակութային և լեզվական իրավունքները անընդհատ մերժվում էին:  Բաքուն փորձում էր հաստատել ադրբեջանական մշակույթի և ազգային ինքնության առաջնությունն այս տարածաշրջանում՝ միացյալ հանրապետությունների ազգայնացման գործընթացին համահունչ116:  Այս բարդ հարաբերություններն էլ ավելի  էին բորբոքում արդեն գոյություն ունեցող խնդիրը:

«Գլասնոստն» ու «պերեստրոյկան» արտահայտվելու մեծ ազատություն տվեցին խորհրդային քաղաքացիներին, և Ղարաբաղի հայերը լիովին օգտվեցին այս հնարավորությունից: 1988 թվականին իրենց տարածքը Հայաստանին միացնելու նրանց պահանջը Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից տարածվեց դեպի Երևան: Շուտով բնապահպանության խնդիրը առիթ հանդիսացավ Ղարաբաղյան հարցը բարձրացնելու և հայոց համազգային շարժում սկսելու համար: Այս անցումը տեղի ունեցավ աստիճանաբար, և, ինչպես Կարինե Դանիելյանը նշեց՝ չնայած ցուցարարների բողոքի հիմքում Ղարաբաղի հարցը չէր, այնուամենայնիվ, Զորի Բալայանը գոնե մեկ անգամ նշեց այդ մասին117:

Այդ ժամանակ Ղարաբաղը հիմնախնդրային հարց էր դարձել, շատ լուրջ բանավեճեր եղան, թե ինչպես պետք է շարժումը առաջ տարվի: Արդյո՞ք պետք էր կենտրոնանալ միայն բնապահպանական խնդրի վրա, թե՞ Ղարաբաղի կարգավիճակի կամ երկուսի վրա միաժամանակ: Կ. Դանիելյանը դեմ էր վերջինիս: Թեև նա դեմ էր «Նաիրիտի» և Մեծամորի արտանետումներին և վնասակար հետևանքներին, նաև գիտակցում էր, որ եթե Ղարաբաղի հարցը առաջ քաշվի, Հայաստանի արդյունաբերությունը, կարևոր չէ՝ որքան շատ վնասակար, պետք է աշխատի, որպեսզի օգնի Հայաստանին՝ հաղթահարելու ցանկացած ապագա քաղաքական ճգնաժամ: Իսկապես, որքան էլ վնասակար էր «Նաիրիտի» գործարանը, այն մատակարարում էր մոտավորապես 300 այլ գործարանի Հայաստանում: Դանիելյանն ու մյուսները, ովքեր այս դիրքորոշման կողմնակիցն էին, պիտակավորվեցին որպես «դավաճաններ» նախկին գործընկերների կողմից, ովքեր կարծում էին, որ «Նաիրիտի» վնասները չպետք է ներվեն, և որ այն փակելու օգուտները ավելի շատ են, քան եթե աշխատի118: Ինչևէ, շարժումը ընդգրկեց երկու խնդիրներն էլ, և 1988 թվականի սկզբներին Երևանի հանրահավաքները սկսեցին ներգրավել մեկ միլիոնից ավել մարդկանց119:

Մինչդեռ Ղարաբաղի հարցը դարձավ ավելի առաջնային. լարվածությունը շարունակում էր աճել Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում: Փետրվարին ազերիների և հայերի միջև բախում տեղի ունեցավ Ղարաբաղի Ասկերան քաղաքում, որը երկու ադրբեջանցու մահվան պատճառ դարձավ120: Մի քանի օր հետո հայկական ջարդեր սկսվեցին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, որի հետևանքով 32 մարդ մահացավ121:  Դրանից կարճ ժամանակ անց Հայաստանում բնակվող ազերիները փախան Ադրբեջան, իսկ Ադրբեջանի հայերը՝ Հայաստան122 : Սկսվեցին միջազգային դաժան բռնություններ երկու ժողովուրդների միջև:

Այնուհետև, 1988 թ. դեկտեմբերի 7-ին հյուսիսային Հայաստանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից, որը հողին հավասարացրեց ամբողջական քաղաքներ և գյուղեր:  Ռիխտերի սանդղակով գրանցված 6.9 մագնիտուտ երկրաշարժը խլեց ընդհանուր առմամբ 25 հազար կյանք և ծանր հոգեբանական և ֆիզիկական հետևանքներ թողեց շատ-շատերի վրա123: Ինչևէ, ողբերգական երկրաշարժ տեղի ունեցավ և նոր ճանապարհ բացեց որոշ լուրջ բնապահպանական գործողություններ սկսելու համար:

Մեծամորում, էպիկենտրոնից 50 մղոն հարավ, ցնցումները Ռիխտերի սանդղակով գնահատվել էին 5.5 բալ: Այս ընթացքում ատոմակայանը շարունակում էր աշխատել ամբողջ ուժով, և ավելի ուշ, միայն ժամանակավորապես՝ 48 ժամով, դադարեցրեցին աշխատանքը, որպեսզի ստուգումներ անցկացնեին. ոչ մի խնդրի մասին չզեկուցվեց124:  Ըստ ատոմակայանի այն ժամանակվա տնօրեն Միհրան Վարդանյանի՝ քանի որ սկզբնական ցնցումներն այնքան էլ ուժեղ չէին, հաջորդողները դարձան ավելի վտանգավոր125:

Երկրաշարժի բացահայտ ազդեցությունը միայն ավելացրեց բնապահպանների՝ ատոմակայանը փակելու պահանջների հրատապությունը: Կովկասյան իր այցելությունից մի քանի շաբաթ հետո Անդրեյ Սախարովը նշեց, որ «երկրաշարժից հետո հայերը շոկային և խուճապային իրավիճակի մեջ էին, համարյա զանգվածային փսիխոզի մեջ»: Մեծամորում հնարավոր վթարի սարսափը ավելացնում էր նրանց լարվածությունը126: Իսկապես, երկրաշարժը, ասոցացվելով չեռնոբիլյան վերջին ողբերգությունների հետ, միայն ավելացնում էր մարդկանց տագնապները ատոմակայանի շուրջ127: Հետագայում, երբ ուկրաինացի ֆոտոլրագրող Յուրի Ռոստը հարցրեց Զորի Բալայանին, թե ինչպիսին է ատոմակայանի վիճակը անմիջապես երկրաշարժից հետո, վերջինս տագնապով պատասխանեց. «Ինչպես երևում է՝ լավ է, բայց դա միայն այսօր: Վաղը միգուցե երկրորդ Չեռնոբիլ լինի»128:

Հետևաբար, երկու հավելյալ ռեակտոր կառուցելու ծրագրերը անմիջապես չեղյալ հայտարարվեցին, և երբ երկրաշարժի ավերածությունների իրական չափերը ի հայտ եկան, Մեծամորն ամբողջովին փակվեց 1989 թ. փետրվար-մարտ ամիսներին129:  Նույն տարվա ընթացքում Հայոց համազգային շարժումը հրատարակեց իր առաջին մանիֆեստը և հայտարարեց դրա անհետաձգելի նպատակներից մեկը, այն էր. «Մղել անզիջում պայքար Հայաստանի բնության և շրջակա միջավայրի մաքրության պահպանման  համար, գիտակցել, որ ծանր էկոլոգիական իրավիճակը սպառնում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերնդի առողջությանը: Ամենակարևոր խնդիրը վնասակար քիմիական գործարանների փակումն է, նախ և առաջ՝ «Նաիրիտ» գիտա-արտադրական ընկերության»130:  Հունիսին ղեկավարության վրա հավելյալ ճնշումներ գործադրելով՝ հանրությունը հասավ իր նպատակին, և այսպես ասած, ատելի «Նաիրիտի» մնացորդները վերջնականորեն փակվեցին131

 

 Բնապահպանական շարժումը անկախությունից հետո

Հայկական բնապահպանական շարժումը մեծ հաջողություն էր համարվում՝ ներառելով երկու զգալի հաղթանակ երեք տարվա ընթացքում: Ցավոք սրտի, 1991 թ. Խորհրդային Միությունից անկախանալուց հետո շարժման ժառանգությունը մնում էր անորոշ: «Նաիրիտի» ու Մեծամորի հաջողությունը կարճ տևեց, քանի որ Ղարաբաղի հարցը դարձավ երկրի գլխավոր խնդիրը:

Իրավիճակը արագորեն վատթարացավ 1988-ին, իսկ 1989-ի սեպտեմբերին Ադրբեջանի Ժողովրդական ռազմական ճակատը ստիպեց Խորհրդային Ադրբեջանի կառավարությանը հրահրել օդային և երկաթուղային շրջափակում Խորհրդային Հայաստանի նկատմամբ՝  կանխելով երկրաշարժի համար Հայաստան մտնող կարևոր վերականգնողական օժանդակությունները, այդ թվում և հանրապետության էլեկտրամատակարարումը: Դա գլխավորապես սահմանափակեց Հայաստանի՝ Խորհրդային Միության այլ տարածքներ մուտք գործելու հնարավորությունը, բացառությամբ իր հյուսիսային սահմանը Խորհրդային Վրաստանի հետ: Դժբախտաբար, Վրաստանի գազատարը ենթակա էր կազմալուծման՝ հենց վրացական քաղաքական ներքին անկայունության, ինչպես նաև ազերիների ռազմական ուժերի պատճառով: Գազամուղի պայթեցումների պատճառով էլեկտրաէներգիայի հոսակորուստներ հաճախ էին լինում: Գազամուղը վերանորոգելը օրեր կամ շաբաթներ, նույնիսկ ամիսներ էր տևում132:  Մի խոսքով, շրջափակումը վնասում էր և միայն «օգնում» էր սրել ռազմական գործողությունները հետագայում՝ սկսած1991թվականիցՂարաբաղի և Ադրբեջանի միջև մղվող ողջ պատերազմի ընթացքում:

Պատերազմը իր հետ բերեց նոր դժվարություններ, նոր անհաջողություններ՝ կապված բնապահպանության հետ:  Քանի որ պատերազմը սկսվեց, Հայաստանը, հույսը կտրած արտաքին որևէ ներդրումից, ստիպված էր վերաբացել «Նաիրիտը» 1992-ի հունվարին, մի խոստումով, որ գործարանի աշխատանքը էապես կբարելավվի՝ համապատասխանելով միջազգային անվտանգության և բնապահպանական չափանիշներին: Ավելի ուշ՝ 1992 թ., Հայաստանի դարավոր թշնամի Թուրքիան միացավ Ադրբեջանի շրջափակմանն ընդդեմ Հայաստանի, ինչն էլ ավելի հանգեցրեց էներգետիկ մեծ ճգնաժամի
133

Էներգետիկ ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակության վրա: Այն հատկապես վատ անդրադարձավ տրանսպորտի ոլորտի վրա՝ հարկադրելով շատ մարդկանց մի վայրից մյուսը տեղափոխվել բացառապես ոտքով: Էլեկտրաէներգիայի պակասը ենթադրում էր նաև  փչացած սննդամթերքի սպառում: Այս ամենն ուղեկցվեց սարսափելի ցրտով, հանգեցրեց հիվանդությունների տարածմանը134:

Միգուցե ավելի շատ այս ամենից տուժեց հայկական բնապահպանական շարժումը:  Դա ոչ միայն թուլացրեց հայերին, այլև նոր խնդրի առջև կանգնեցրեց՝ անտառահատումներ:  Հայաստանի առանց այդ էլ դաժան ձմեռներն առանց էներգիայի և վառելանյութի որևէ աղբյուրի դարձան էլ ավելի անտանելի: Հետևաբար, շատ մարդիկ սկսեցին ոչնչացնել ծառերը՝ վառելանյութ ունենալու համար: Սա մեծ անհանգստություն առաջացրեց հայ բնապահպանների մոտ135:

Թեպետ Ղարաբաղում հայերը1994 թվականի մարտին հաջողությամբ հաղթեցին պատերազմում, այնուամենայնիվ այն ծանր նստեց և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի վրա: Շրջափակումը և էներգետիկ ճգնաժամը շարունակվեցին մեկ տարի, իսկ անտառները մնում էին վտանգված: Թուրք-ադրբեջանական շրջափակումը զրկեց հայերին խիստ անհրաժեշտ էներգիայի աղբյուրից, որն այնքան կարևոր էր ձմռան ջեռուցման և ընդհանուր էլեկտրականության համար: Ուստի, ի հեճուկս անվտանգության հետ կապված ակնհայտ մտահոգություններին, կառավարությունը ձգտում էր վերաբացել Մեծամորը: Հետաքրքրական է, որ Հայաստանում 1993-94 թթ. Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը պնդում է, որ ատոմակայանի վերաբացման համար Երևանը ի սկզբանե փնտրում էր Եվրոմիության աջակցությունը: Ինչևէ, Բրյուսելը մերժեց որևէ օժանդակություն՝ կապված Մեծամորի վերաշահագործման հետ:136

Քրիզանթոպուլոսի խոսքերով, այն ժամանակվա վարչապետ Հրանտ Բագրատյանը պնդում էր, որ գործարանի վերաբացման հարցում Եվրոմիության աջակցությունը ստանալու հիմնական խոչընդոտը Թուրքիան էր, որի ղեկավարությունը ընդդիմանում էր ատոմակայանի վերաբացմանը բնապահպանական և քաղաքական նկատառումներով137: Հակառակ այս ամենի, այնուամենայնիվ, 1994-95 թթ. բազմաթիվ վիճարկումներից, ինչպես նաև ռուս և ֆրանսիացի խորհրդատուների մանրակրկիտ զննումներից հետո որոշվեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը վերաբացվում է` անվտանգության բարելավման պայմանով138:  Ճակատագրի հեգնանքով, ատոմակայանի վերաշահագործումը, ինչքան էլ որ պոտենցիալ վտանգ էր ներկայացնում, արդյունավետորեն կանխեց Հայաստանի անտառներին սպառնացող վտանգը:

Վերջաբան և եզրակացություն

Այնուհետև Ղարաբաղի պատերազմից հետո  բնապահպանությունը Հայաստանում շարունակում էր գործուն ուժ լինել հատկապես անտառահատումների հարցում, երբ վերջապես 2002 թվականին ստեղծվեց Դիլիջանի ազգային պարկը139: Այն նաև նպաստեց նոր շարժում սկսելու Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտի անտառը պղնձի հանքերից պաշտպանելու համար140, ինչպես նաև մեկ այլ շարժում՝ հարավային Հայաստանի Շիկահողի արգելոցը մայրուղի դարձնելու կառավարության առաջարկություններից պաշտպանելու համար141: Գիտակցությունը այս զարթոնքը խթան հանդիսացավ ստեղծելու «Հայաստանի ծառատունկ ծրագիրը», որի նպատակն էր կանխել անտառահատումները և նպաստել շրջակա միջավայրի արժեվորման գիտակցության բարձրացմանը հայ երիտասարդների շրջանում142: Միևնույն ժամանակ Սևանա լճի մակարդակը շարունակում էր բարձրանալ:143

Հակառակ դրան, շարունակում էր մտահոգիչ մնալ Մեծամորի ատոմակայանի կարգավիճակը: 2011 թ. մարտին Ճապոնիան ապրեց իր ողջ պատմության ամենաողբերգական և ավերիչ երկրաշարժերից մեկը, որն էլ իր հերթին հանգեցրեց կործանարար ցունամիի: Սա Ճապոնիայի առաջին` «Ֆուկուշիմա» ատոմակայանի աղետի պատճառ դարձավ:Այս աղետը անհանգստության մի նոր ալիք բարձրացրեց՝ կապված Մեծամորի ԱԷԿ-ի հետ, որը ոչ միայն ժամկետանց էր, այլ Ֆուկուշիմայինման տեղակայված էր ակտիվ սեյսմիկ գոտում: Այժմ նախատեսվում  է 2016 թ. հետո Ռուսաստանի օգնությամբ Մեծամորը փոխարինել նոր ատոմակայանով նույն վայրում: Ինչևէ, մինչ այդ  Հայաստանը, գտնվելով երկու հարևանների շրջափակման մեջ, այլ տարբերակ չունի, քան հույսը հնացող ատոմակայանի վրա դնելը
144

Մինչդեռ ատոմակայանի շուրջ մտահոգություններն արևմուտքում մնում են առաջնային, և Ֆուկուշիմայի աղետից հետո վերլուծաբանները Մեծամորի ԱԷԿ-ը գնահատել են պոտենցիալ ամենավտանգավորներից մեկն աշխարհում: Սա, իր հերթին, դրդեց  Հայաստանի կառավարությանը 2011թ. մայիսին հրավիրել ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին` վերանայելու Մեծամորի աշխատանքը145:

Դրան հաջորդեց ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության հարցերով օպերատիվ խմբի պետի՝ հունգարացի Գաբոր Վամոսի զեկույցը, որում ասվում է, որ Մեծամորի ռիսկային մակարդակը «ընդունելի է» և կան «տեխնիկական հնարավորություններ երկարաձգելու գործարանի շահագործման ժամկետները»: Նշվում էր նաև, որ «ատոմակայանը նախկինում դեռևս չի արել նման նախաձեռնություն»146:

Հայ բնապահպանները միևնույն ժամանակ բուռն կերպով քննարկում էին Հակոբ Սանասարյանի` պաշտոնից ազատվելու եզրակացությունները, որոնք «ծիծաղելի էին»: «Մենք այլ բան չէինք էլ սպասում»,-ասել է Սանասարյանը հետխորհրդային առցանց լրատվամիջոցներից մեկի՝ «Եվրասիանեթին» տրված հարցազրույցի ժամանակ:-Միամտություն կլիներ մտածել, որ նրանք Մեծամորը կհայտարարեին վտանգավոր (քանի որ ՄԱԳԱՏԷ-ն խրախուսում էր միջուկային էներգիայի օգտագործումը): Ինչևէ, մենք շարունակելու ենք մեր պայքարը: Ատոմակայանը վտանգավոր է բնապահպանական, սեյսմիկ և անվտանգության ռիսկերի տեսանկյունից»147:

Էներգետիկների համահայկական ասոցիացիայի ղեկավար Սլավիկ Սարգսյանը նույնպես վիճարկում էր ստուգման արդյունքները, նշելով, որ «որոշ միջազգային փորձագետներ անց են կացնում մակերեսային ուսումնասիրություններ և ասում, որ ռիսկային մակարդակն ընդունելի է, բայց մենք մեծ խնդիր ունենք մասնագետների հետ կապված»: Նա նշեց նաև, որ «Ճապոնիան, լինելով գերզարգացած և լավ պատրաստված երկիր, բախվեց ողբերգության հետ: Աստված մի արասցե, եթե նման վտանգավոր իրավիճակ առաջանա մեր գործարանում, մենք ոչ հնարավորություններ, ոչ էլ մասնագետներ ունենք աղետին դիմակայելու համար»148:

Հետաքրքիր միտում նկատվեց Մեծամորը փակելու և այն մեկ այլ գործարանով փոխարինելու, երբ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր պետական այցի շրջանակներում 2011թ. հոկտեմբերի 7-ին այցելեց Երևան՝ որպես իր կովկասի շրջագայության մի մաս:  Հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝  Սարկոզին խոստացավ, որ Ֆրանսիան «կօգնի Հայաստանին միջուկային էներգիայի ոլորտում»՝ ձգտելով կառուցել ավելի ապահով, ավելի ժամանակակից ատոմակայան: Հայ հասարակությունը մեծ ցնծությամբ ընդունեց այս գաղափարը: Իսկապես, Սարգսյանն իր գոհունակությունն արտահայտեց Սարկոզիի արած հայտարարության վերաբերյալ, ասելով, որ «լավ է հատկապես, որ Ֆրանսիան ցանկություն է հայտնել աջակցել Հայաստանին էներգետիկ ոլորտում՝ ներառյալ նոր ատոմակայանի կառուցումը, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված այլ ծրագրերին, որոնք մեծ  կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար»149:

Մինչ այդ միայն «Ռոսատոմ» ռուսական միջուկային գործակալությունն էր շահագրգռվածություն ցուցաբերել լուրջ ֆինանսական աջակցություն տրամադրել տարածաշրջանում նոր ատոմակայան կառուցելու համար: Զարմանալի չէ, որ Ռոսատոմը վերահաստատեց իր առաջարկը Սարկոզիի այցից միայն մի քանի շաբաթ անց: Նման նախագծի ընդհանուր ծախսերի արժեքը մոտավորապես գնահատվել է հինգ միլիարդ  ԱՄՆ դոլար150:  Մինչ այդ,  քանի դեռ Հայաստանը գտնվում է թուրք-ադրբեջանական շրջափակման մեջ, հույսը պետք է դնի միայն ատոմակայանի վրա, որը ապահովում է երկրի 40 տոկոս էլեկտրամատակարարումը151:

Անկախ ամեն ինչից, իհարկե, բնապահպանական խորը գիտակցության որոշակի խոստումնալից նախանշաններ կան Հայաստանում: Քաղաքացիական իսկական պատասխանատվության նոր զգացողությունը և հասարակական ակտիվությունը հայկական բնապահպանական շարժման գլխավոր ձեռքբերումն են: Այն ազգային-բնապահպանական շարժման վառ օրինակ է, որովհետև ցույցերի և հանրահավաքների միջոցով այն մոբիլիզացրեց հայ հասարակությանը և  սկսեց մի գործընթաց, որը ի վերջո հանգեցրեց խորհրդային կարգերի փլուզմանը Հայաստանում:


Ծանոթագրություններ

*Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության ուսումնասիրության համար օգտագործվել են հիմնական սկզբնաղբյուրներ, ինչպես նաև գրքեր, թերթեր, ամսագրերից վերցված հոդվածներ և առցանց երկրորդային աղբյուրներ: Առանցքային սկզբնաղբյուրները պարունակում են կարևոր հատվածներ, որոնց հեղինակն է անկախ գիտնական Ֆիլիպ Քեչեանը: Վերջինս լայնորեն ուսումնասիրել է հայկական բնապահպանական խնդիրները և յուրաքանչյուրի մասին հոդվածներ գրել «Արմինիըն միրըր-սփիքթեյթըրի» համար և բոլոր նյութերը նա տրամադրել է ինձ՝ հեղինակիս: Ինչպես նաև օգտագործվել են Հովիկ Սայադյանի (Երևանի պետական ագրարային համալսարան) և Ռաֆայել Մորենո-Սանչեսի (Կոլորադոյի համալսարան, Դենվեր) համահեղինակած որոշ հոդվածներ՝ շրջակա միջավայրի պահպանման և միջազգային անտառային տնտեսության վերաբերյալ:

Այս աշխատանքում հատկապես օգտակար և կարևոր են հայ վետերան բնապահպան-ակտիվիստ Կարինե Դանիելյանի և «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի անհատական հարցազրույցները:  Նրանք ակտիվորեն մասնակցել են Հայաստանի բնապահպանական շարժմանը հենց սկզբից՝ 1970-ականների կեսերից: Հարցերը մշակվել են իմ կողմից, իսկ հարցազրույցները  2011 թ. հոկտեմբերին վարել է Աննա Շահնազարյանը, ով ավարտել է Շվեդիայի Լունդի համալսարանը: Բացի հարցազրույցները գրի առնելուց, Աննա Շահնազարյանը նաև թարգմանել է դրանք հայերենից անգլերեն:  Անհրաժեշտ եմ համարում նշել, որ առանց նրա քրտնաջան աշխատանքի և ակտիվ մասնակցության այս աշխատությունը ամբողջական չէր լինի:
   Ինպես նաև հատուկ երախտագիտություն եմ հայտնում Ջոն Քերոլ համալսարանի դոկտորներ Ջիմ Քրուկոնսին, Մարիա Մարսիլիին և Ջոն ՄքԲրեթնիին՝ իրենց խորհուրդների և աջակցության համար:  Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Լիլիթ Գրիգորյանին՝ հայաստանյան երիտասարդ բնապահպան իմ ընկերոջը` այս աշխատության վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու, ինչպես նաև իր անսահման նվիրվածության և հոգատարության համար: Ամենից շատ իմ շնորհակալությունն եմ հայտնում ծնողներիս` Բերջ և Քերոլ Շաքարյաններին՝ իմ առջև գիտակրթական ուղի հարթելու և իմ  նախաձեռնությունների մեջ իրենց ցուցաբերած սիրո և աջակցության համար:


1 Ռոդերիկ Նեշ. "Wilderness and the American Mind, Third Edition". Նյու Հեվն, Յեյլի համալսարանի հրատարակչություն, 1982 թ.,  էջ 7-8:
2 Ռոդերիկ Նեշ. "American Environmental History: A New Teaching Frontier", Pacific Historical Review 41, 1972 թ., էջ 363:
3 Նույն տեղում:
4 Նույն տեղում:
5 Սիմոն Բայասեան "The History of Armenia". Նյու Յորք, Փալգրեյվ Մաքմիլան, էջ 172:
6 Մեթյու Կարանեան. "Armenia and Karabakh", Լոս Անջելես, Սթոուն գարդեն փրոդաքշնս, 2013 թ., էջ 91:
7 Աղաւնի Եղիա Եղենեան. "The Red Flag at Ararat". Նյու Յորք, Վումընս փրես, 1932 թ.: էջ 33-36: Վերահրատարակված է Կոմիտաս ինստիտուտի կողմից 2013 թ.:
8 Սյունի. "Looking toward Ararat", էջ 142-143:
9 Մերի Քիլպըրն Մաթոսեան "The Impact of Soviet Policies in Armenia", Լեյդեն, Ի. Ջ. Բրիլլ, 1962 թ., էջ 112:  
10 Նույնը, էջ 151:
11 Ֆիլիբ Քեչեան. "Nairit: Its History, Politics, and Environmental Impact," Արմինիըն միրըր-սփիքթեյթըր, օգոստոսի 3, 1991 թ.:
12 Մարգ Մալխասեան. "Gha-ra-bagh!": The Emergence of the National Democratic Movement in ArmeniaԴեթրոյդ: Ուեյնի պետական համալսարանի հրատարակչություն, 1996 թ., էջ 134: 
13 Քեչեան. "Nairit":
14 Նույն տեղում:
15 Նույն տեղում:
16 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 134-35:
17 Քեչեան. "Nairit":
18 Վասիլի Սեմյոնովիչ Գրոսման. "An Armenian Sketchbook", թարգմ. Ռոբերտ և էլիզաբեթ Չանդլեր, Նյու Յորք, Նյու Յորք ռիվյու բուքս. քլասիքս, 2013 թ., էջ 26:
19 Քեչեան. "Nairit":
20 Ֆիլիբ Քեչեան. "Air Pollution in Yerevan: Causes and Effects", Արմինիըն միրըր-սփիքթեյթըր, օգոստոսի 1, 1992 թ.:
21 Մալխասեան.  "Gha-ra-bagh!", էջ 134:
22 Քեչեան. "Air Pollution":
23 ԱՄՆ տեխնիկական տեղեկատվության պաշտպանության կենտրոն, ԽՍՀՄ զեկույց՝ քաղաքական և սոցիոլոգիական հարցերով հարավային խորհրդային հանրապետությունների մամուլի ուսումնասիրություններ.
http://oai.dtic.mil/oai/oai?verb=getRecord&metadataPrefix=html&identifier=ADA367988, (կայքից վերցված է 2010 թ., հոկտեմբերի 31-ին)
24 Մալխասեան.  "Gha-ra-bagh!":
25 Քեչեան.  "Air Pollution":
26 Ժոզեֆ Մեսի և Ռոբերտ Գրիքորեան. "Armenia: At the Crossroads", Լոնդոն, Ռութլեջ, 1999 թ., էջ 2:
27 Քեչեան. "Air Pollution":
28 Նույն տեղում:
29 Նույն տեղում:
30 Նույն տեղում:
31Այս տերմինը վերաբերում է հին Ուրարտական թագավորությանը (Արարատ), որը գոյություն է ունեցել հայոց հողի վրա Ք.Ա. 870-590 թթ.: Թագավորությունն իրենից ներկայացնում էր ցեղերի միություն, որոնց վրա աստիճանաբար սկսեցին իշխել հայերը: Ուրարտական պետության անկումից հետո տվյալ տարածքն ու այնտեղ բնակվող ժողովրդին Պարսկաստանի (այժմ Իրանի) թագավոր Դարեհ 1-ը անվանեց համապատասխանաբար Հայաստան (Արմենիա) և հայեր (արմեններ), ազդարարելով հայերի հայտնվելը՝ որպես ինքնուրույն ժողովուրդ: Լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ Ռազմիկ Փանոսեան. "The Armenians: From Kings and Priests to Merchants and Commissars", Նյու Յորք, Կոլումբիայի համալսարանի հրատարակություն, 2006 թ., էջ 34:  
32 Ֆիլիբ Քեչեան.  "Lake Sevan: A Brief Ecological History," Արմինիըն միրըր-սփիքթեյթըր, փետրվարի 17, 1990 թ.:
33 Գրոսման.  "An Armenian Sketchbook", էջ 50
34 Զեվ Կաց, Ռոզմարի Ռոջերս և Ֆրեդերիկ Հարնդ, "Handbook of Major Soviet Nationalities", Նյու Յորք, Ֆրի փրես, 1975 թ., էջ 143:
35 Քեչեան.   "Lake Sevan":
36 Արայիկ Բաբայան, Սուսաննա Հակոբյան, Կարեն Ջենդերեջյան, Սիրանուշ Մուրադյան, Միխայիլ Ոսկանով. "Lake Sevan: Experience and Lessons Learned Brief." http://www.worldlakes.org/uploads/21_Lake_Sevan_27February2006.pdf (կայքից վերցված է 2013 թ. մայիսի 21-ին)
37 Քեչեան. "Lake Sevan":
38 Գարանեան.  "Armenia and Karabakh", էջ 175:
39 Քեչեան.  "Lake Sevan":
40 Բաբայան, Հակոբյան, Ջենդերեջյան, Մուրադյան, Ոսկանով. "Lake Sevan":
41 Գրոսման. "An Armenian Sketchbook", էջ 49:
42 Արալ ծովի աղետը համարվում է նախկին Խորհրդային Միության ամենավատ բնապահպանական աղետներից մեկը: Գտնվելով հետխորհրդային Կենտրոնական Ասիայի տարածքում և բաժանված լինելով երկու պետությունների`Ղազախստանի և Ուզբեկստանի միջև, Արալի ծովն իր մեծությամբ համարվում է չորրորդն աշխարհում: Խորհրդային շրջանում, այնուամենայնիվ, որոշված էր, որ Ամուդարիա և Սիրդարիա գետերի ջրերը, որոնք սնում էին Արալի ծովը, պետք է հատկացվեն Կենտրոնական Ասիայի անապատների ոռոգմանը՝ որպես բամբակի, բրնձի, բանջարաբոստանային, հացահատիկային և այլ կուլտուրաների աճի խթանման միջոց:  Արդյունքը խոշոր էկոլոգիական աղետն էր, որը պատճառ հանդիսացավ ծովի չափսերի ահռելի կրճատման:  1960-93 թթ. ընկած ժամանակահատվածում Արալի մակարդակն իջավ ավելի քան 16 մետրով՝ իր մակերեսից կրճատվելով 45 տոկոսով, իսկ ջրի ծավալը՝ 25 տոկոսով: 1980-ականներին ծովը մասնատվեց հյուսիսայինև հարավային մասերի: (Արչի Բրաուն, Մայքլ Քեյսր, Ջորջ Սմիթ. "The Cambridge Encyclopedia of Russia and the Former Soviet Union" (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1994 թ., էջ 9): Ղազախստանի կառավարությունն իր անկախության օրոք ի վիճակի եղավ ավելացնելու Հյուսիսային ծովի ջրերը, իսկ Հարավային ծովը, որը մեծ մասամբ գտնվում էր Ուզբեկստանի տարածքում, շարունակում է կրճատվել և կանխատեսվում է, որ ամբողջովին կցամաքի մինչ 2020 թվականը: ("Uzbekistan: Southern Aral Sea on Pace to Dry Up in About a Decade," Եվրասիանեթ, 2009 թ.,  հուլիսի 12. http://www.eurasianet.org/departments/news/articles/eav071309b.shtml (կայքից վերցված է 2011 թ., դեկտեմբերի 21-ին):
43 Նույն տեղում:
44 Գարանեան. "Armenia and Karabakh", էջ 175:
45 Քեչեան "Lake Sevan":
46 Նույն տեղում:
47 Նույն տեղում:
48 Գրոսման.  "An Armenian Sketchbook", էջ 49:
49 Քեչեան. "Lake Sevan":
50 Գարանեան. "Armenia and Karabakh", էջ 167:
51Քեչեան. "Lake Sevan":
52 Անդրեյ Սախարով. "Moscow and Beyond, 1986 to 1989 ", թարգմ. Անտոնինա Բուիս. Նյու  Յորք, Ալֆրեդ Ա. Նոպֆ, 1991 թ., էջ 84:
53 Ֆիլիբ Քեչեան. "Medzamor: The History and Environmental Impact of Nuclear Power in Armenia," Արմինիըն միրըր-սփիքթեյթըր, օգոստոսի 1, 1992 թ:
54 Նույն տեղում:
55 Նույն տեղում:
56 Նույն տեղում:
57 Նույն տեղում:
58 Մալխասեան."Gha-ra-bagh!", էջ 134:
59 Կարինե Դանիելյան (հարցազրույցը՝  Աննա Շահնազարյանի), 2011 թ., հոկտեմբերի 8 :
60 Եվրոպայի եզրափակիչ ակտի անվտանգության և համագործակցության համաժողով,  Հելսինկի, 1975 թ.  http://www.osce.org/zagreb/39485(կայքից վերցված է 2013 թ., մայիսի 21-ին):
61 Նույն տեղում:
62 Դանիելյան, հարցազրույց:
63 Հակոբ  Սանասարյան (հարցազրույցը՝  Աննա Շահնազարյանի) 2011 թ. հոկտեմբերի 14:
64 1993  թվականից սկսած Կիրովական քաղաքը պաշտոնապես անվանափոխվել է Վանաձորի: Նախորդ անվանումը ընտրված էր ականավոր բոլշևիկ Սերգեյ Կիրովի պատվին, ով սպանվեց 1934 թ. անհայտ հանգամանքներում: Կիրովի սպանությունը առիթ հանդիսացավ բռնակալ Իոսիֆ Ստալինի համար սկսելու «Մեծ մաքրում» գործընթացը, որի արդյունքում սպանվեցին խորհրդային միլիոնավոր  քաղաքացիներ:
65 Դանիելյան,  հարցազրույց:
66 Նույն տեղում:
67 Սանասարյան, հարցազրույց:
68 Դանիելյան, հարցազրույց:
69 Լյուդմիլա  Ալեքսեյեվա,  խորհրդային այլախոհ. "Contemporary Movements for National, Religious, and Human Rights", թարգմ. Քերըլ Փիրս և Ջոն Գլադ. Միդլթաուն, Ուեսլեյան համալսարանի հրատարակչություն, 1987 թ., էջ 338:
70 Ալեքսեյեվա, խորհրդային  այլախոհ,էջ 338-339:
71 Նույնը, էջ 339:
72 Վացլավ Հավել."Disturbing the Peace: A Conversation with Karel Hvíždala", թարգմ. Փոլ Ուիլսոն, Նյու Յորք, Ալֆրեդ Ա. Նոպֆ, 1990թ., էջ 125-138:
73 Դանիելյան, հարցազրույց:
74 Սանասարյան,  հարցազրույց:
75 Դանիելյան,  հարցազրույց:
76 Դանիելյան,   հարցազրույց:
77 Նույնը:
78 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 133:
79 Քեչեան. "Nairit":
80 Պիեռ Վերլուիս. "Armenia in Crisis: The 1988 Earthquake", թարգմ. Լևոն Չորպաճեան, Դեթրոյդ,Ուեյնի պետական համալսարանի հրատարակչություն, 1995 թ., էջ 84:
81 Միխայիլ Գորբաչով, "Memoirs", թարգմ. Գեորգի Պերոնանսկի և Տատյանա Վարսավսկի, Նյու Յորք, Դաբլդեյ, 1996 թ., էջ 205:
82 Քեչեան "Nairit":
83 Բոհդան  Նահայլո, Վիկտոր Սվոբոդա. "Soviet Disunion: A History of the Nationalities Problem in the USSR" , Նյու Յորք, Ֆրի փրես, 1990 թ., էջ 243:
84 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 133:
85 Մյուրեյ Ֆեշբախ, Ալֆրեդ Ֆրենդլի Կրտսեր. "Ecocide in the USSR: Health and Nature Under Siege" Նյու Յորք, Բեյսիկ բուքս, 1993 թ., էջ 232:  
86 «Կանաչ» տերմինը վերաբերում է «Կանաչ քաղաքականություն» շարժմանը, որը սկսվեց 1970-ականներին` բնապահպանական, սոցիալական արդարության և ժողովրդավարության սկզբունքների հիման վրա:  Լրացուցիչ տեղեկատվության համար տես՝ Դերեկ Ուոլ. "The No-Nonsense Guide to Green Politics", Օքսֆորդ, Նյու ինթերնեյշընըլիստ փաբլիքեյշնս, 2010 թ., էջ 12-13:
87 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 133-135:
88 Նույնը, էջ 135:
89 Դանիելյան, հարցազրույց:
90 Վերլուիս. "Armenia in Crisis", էջ 84:
91 Մալխասեան. "Gha-ra-bagh!", 135:
92 Քեչեան "Air Pollution":
93 Ըստ հոդվածի հեղինակի, որտեղից այս մեջբերումը վերցված է, Կապուտիկյանը ամենայն հավանականությամբ նկատի ունի «այն բազմաթիվ աղետները, որ կոմունիստական ռեժիմը ստեղծեց  հայ ժողովրդի համար»:  «Ցեղասպանություն» բառի օգտագործումը ցույց է տալիս 1915 թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության մնայուն ժառանգությունը հայ ժողովրդի զանգվածային հոգեբանության վրա: Այս տերմինը նաև կարող է վերաբերել այն բնապահպանական վնասներին, որոնք հասցվեցին մասնավորապես խորհրդային կառավարության կողմից: Գիտնականներ Ջոզեֆ Մեսիհի և Ռոբերտ Կրիկորիանի խոսքերով`  «բնապահպանական խնդիրները հայերի համար «ցեղասպանության» ևս մեկ փորձ էին: 1915 թ. ցեղասպանության ծանր հետևանքները դեր խաղացին բնապահպանական շարժման մեջ, որն ապացուցում էր, որ վերևների վարած քաղաքականությունը վտանգի տակ  է դնում հայ ժողովրդի գոյությունը»: (Մեսիհ, Գրիքորեան. "Armenia: At the Crossroads", էջ 2):
94 Քեչյան. "Air Pollution":
95Սանասարյան,  հարցազրույց:
96 Նույն տեղում:
97 Մալխասեան, "Gha-ra-bagh!", էջ 133-135:
98 Վերլուիս. "Armenia in Crisis", էջ 84-85:
99 Սանասարյան, հարցազրույց:
100 Վերլուիս. "Armenia in Crisis", էջ 84-85:
101 1990 թվականից սկսած Լենինականը պաշտոնապես վերանվանվել է Գյումրի: Նախորդ անունը քաղաքին տրվել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի պատվին՝ անմիջապես իր մահվանից հետո, 1924 թ.: Իսկ դրանից առաջ, ցարական դարաշրջանում, այն կրում էր Ալեքսանդրապոլ անունը:
102 Սանասարյան, հարցազրույց:
103 Դանիելյան,  հարցազրույց:
104 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 33:
105 Ֆեշբախ, Ֆրենդլի. "Ecocide in the USSR", էջ 15:
106 Դանիելյան,  հարցազրույց:
107 Սանասարյան, հարցազրույց:
108 Նույն տեղում:
109 Վրաստանի այս հատվածը կառավարության կողմից պաշտոնապես հայտնի է որպես Ջավախեթի (ჯავახეთი), իսկ տեղի հայ բնակիչների համար՝ Ջավախք:
110 Սանասարյան, հարցազրույց:
111 Նաիրա Գելաշվիլի. Կարճ կենսագրական. http://www.caucasianhouse.ge/en/about/board (կայքից վերցված է 2011 թ., նոյեմբերի 24-ին)
112 Դանիելյան,  հարցազրույց:
113 Սյունի."Looking toward Ararat", էջ 196:
114 Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ծագման մասին առաւել սպառիչ տեղեկութիւնների համար տես՝ Արսէն Սապարով՝  "Why Autonomy?: The Making of Nagorno-Karabakh Autonomous Region, 1918–1925", Europe-Asia Studies 64, 2012 թ., էջ 281-323:
115 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 24-27:
116 Սյունի. "Looking toward Ararat", էջ 205-206:
117 Դանիելյան, հարցազրույց:
118 Նույն տեղում:
119 Մալխասեան. "Gha-ra-bagh!", էջ 41:
120 Նույն տեղում, էջ 52:
121 Նույն տեղում, էջ 54-55:
122 Մեթյու Քոլին."Azeris criticised on human rights", BBC World News, 2007 թ., հունիսի 28. http://news.bbc.co.uk/2/hi/europe/6247776.stm (կայքից վերցվածէ 2010 թ., հոկտեմբերի 31-ին):
123 Վերլուիս. "Armenia in Crisis", էջ 26:
124 Քեչեան. "Medzamor":
125 Յուրի Ռոստ.  "Armenian Tragedy: An Eye-Witness Account of Human Conflict and Natural Disaster in Armenia and Azerbaijan", թարգմ. Էլիզաբեթ Ռոբերթս, Նյու Յորք, Սեյնթ Մարթինս փրես, 1990 թ., էջ 110:
126 Սախարով. "Moscow and Beyond", էջ 84:
127 Դոնալդ Միլլեր, Լորնա Դուրեան. "Armenia: Portraits of Survival and Hope", Բերքլի, Կալիֆորնիայի համալսարանի հրատարակչություն, 2003 թ., էջ 146:
128 Ռոստ. "Armenian Tragedy", էջ 109:
129 Քեչեան. "Medzamor":
130 Չարլզ Ֆուրտադո Կրտսեր, Անդրեա Չանդլեր "Perestroika in the Soviet Republics: Documents on the National Question". Բոուլդեր, Կոլորադո, Ուեսթվյու փրես, 1992 թ.,
էջ 441:
131 Ֆրեշբախ, Ֆրենդլի. "Ecocide in the USSR", էջ 248:
132 Միլլեր, Դուրեան. "Armenia: Portraits of Survival and Hope",  էջ 116:
133 Բայասլիեան. "History of Armenia", էջ 206:
134 Միլլեր, Դուրեան. "Armenia: Portraits of Survival and Hope", էջ 118-119:
135 Ռ. Մորենո-Սանչես, Հ. Սայադյան. "Evolution of the forest cover in Armenia," International Forestry Review  7, 2005 թ., էջ 122:
136 Լեոնիդաս Քրիզանթոպուլոս. "Caucasus Chronicles: Nation-Building and Diplomacy in Armenia, 1993-1994 թթ." Փրինստոն, Գոմիդաս ինստիտուտ, 2006թ.  էջ 152-154:
137 Նույն տեղում, էջ 60-61:
138 Կոնգրեսի գրադարան, Հայաստան  "A Country Study: Environmental Problems". http://countrystudies.us/armenia/22.htm (կայքից վերցված է 2010 թ., հոկտեմբերի 31-ին)
139 Գարանեան. "Armenia and Karabakh", էջ 191:
140 Նելլի Դանիելյան. "Another Battle between Nature and Profit," Հետք օնլայն,  2006թ., ապրիլի 10,  http://archive.hetq.am/eng/ecology/0604-teghut.html (կայքից վերցված է  2010 թ., հոկտեմբերի 31-ին)
141 Գարանեան. "Armenia and Karabakh", էջ 256-257:
142 Նույն տեղում, էջ 183:
143 Նույն տեղում, էջ 160:
144 Մարիան Լեվել, Ջոսի Գարսուեյթ.  "Is Armenia's Nuclear Plant the World's Most Dangerous?," Նեյշընըլ ջեոգրաֆիկ դեյլի նյուս, 2011 թ., ապրիլի 11.  http://news.nationalgeographic.com/news/energy/2011/04/110412-most-dangerous-nuclear-plant-armenia/ (կայքից վերցված է 2011 թ., նոյեմբերի 25-ին):
145 «Այց. ՄԱԳԱՏԷ-ն կստուգի Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակը», Արմինիանաու, 2011թ., մայիսի 16. http://www.armenianow.com/hy/economy/30154/armenian_nuclear_power_plant_osart_monitoring (կայքից վերցված է 2011 թ,. նոյեմբերի 25-ին):
146 Նաիրա Հայրումյան. «Փորձագետներ. Հայկական ԱԷԿ-ի ռիսկերի մակարդակն ընդունելի  սահմանում  է», Արմինիանաու, 2011 թ., հունիսի 3 (կայքից  վերցված է 2011 թ., նոյեմբերի 25-ին):
147 Մարիաննա Գրիգորյան, Անահիտ  Հայրապետյան  "Armenia: Fight Brews Over IAEA's Thumbs-Up Appraisal of Metsamor,"
Եվրասիանեթ, 2011 թ., հունիսի 7. http://www.eurasianet.org/node/63638 (կայքից վերցված է  2011 թ., նոյեմբերի 25-ին):
148 Նույն  տեղում:
149 Ռուզաննա  Ստեփանիան. "Armenia, France Discuss Plans For New Nuke Station," , Ազատություն  ռադիոկայան, 2011 թ., հոկտեմբերի 7  http://www.armenialiberty.org/content/article/24352479.html (կայքից  վերցված է 2011 թ., նոյեմբերի 25-ին):
150 Նաիրա Բուլղադարիան. "Russia 'Still Committed' To Armenian Nuclear Project,"  Ազատություն ռադիոկայան, 2011 թ., հոկտեմբերի 27, http://www.armenialiberty.org/content/article/24373167.html (կայքից վերցվածէ 2011 թ.,նոյեմբերի 25-ին):
151 Սիրանուշ   Գևորգյան. «Ատոմակայանի   ապագան. Փորձագետները քննարկում են  Մեծամորի  ԱԷԿ-ի  փակման   հարցը» Արմինիանաու, 2006 թ., հոկտեմբերի 13:
http://www.armenianow.com/news/6727/power_plant_plans_experts_discuss (կայքից  վերցված է   2011 թ., նոյեմբերի 25-ին):

« Back to Armenian forum on line